Ուկրաինացի պատգամավորը պահանջում է Միխեիլ Սաակաշվիլիին «սև ցուցակ» մտցնել

13:09 • 09.12.13

Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» առաջնորդներից Օլեգ Ցարևը խնդրում է երկրի Անվտանգության պետական ծառայությանը «սև ցուցակում» ընդգրկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ինչպես նաև մի շարք այլ օտարերկրացի քաղաքական և հասարակական գործիչների, հաղորդում է Грузия Online-ը:

 

Նրանց թվում են Ռուսաստանից մի շարք գործիչներ, ԱՄՆ-ից Ֆինկ Բրոյնը և Վասիլիկ Միրոնը, Մեծ Բրիտանիայից Կուզյո Տարասը, Գերմանիայից Ումլանդ Անդրեասը, Վրաստանից Գեորգի Ալասանիան և ևս երեք հոգի:

 

Նամակը հրապարակել է գերմանացի վերլուծաբան Ադրեաս Ումլանդն իր Facebook-ի էջում: Ումլանդը նշել է, որ դա մարդկանց ցուցակի միայն կեսն է, ում Ցարևը ցանկանում է թույլ չտալ մտնել Ուկրաինա:

 

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին ուղղված նամակում պատգամավոր Ցարևը գրել է. «Ուկրաինայում իրավիճակի անկայունացումը, ԶԼՄ-ներում և սոցիալական կայքերում հակաիրավական գործողությունների կոչեր տարածելը և, որպես հետևանք, կառավարական շենքեր գրավելը նախապես ծրագրված բնույթ են կրում: Նման տեղեկատվական արշավների և զանգվածային գործողությունների կազմակերպումը պահանջում է համապատասխան մասնագետների մասնակցություն: Այդ պատճառով պատճառաբանված անհանգստություններ են առաջացնում օտարերկրացի քաղտեխնոլոգների և բողոքի ակցիաների ակտիվության մասնագետների հաճախակի դարձած այցելությունները, որոնց գործունեությունը սպառնում է ազգային անվտանգությանը»: