Հայաստանի նման երկրները միշտ ստիպված են ընտրություն կատարել «Տիզբոնի» ու «Բյուզանդիայի» միջև.Վ. Մարտիրոսյան
Tert.am-ը զրուցել է գրող, հրապարակախոս, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի հետ Հայաստանի ներկա ներքին ու արտաքին քաղաքականության, Պուտինի Հայաստան կատարած այցի, Գյումրիում ստեղծվելիք աշխատատեղերի, միասեռականների, արվեստագետների, երևանցու ու ընդհանրապես քաղաքացու ներկա հոգսերից։
-Վահրա՛մ, դերասան Աշոտ Ադամյանը մամուլին տված իր հարցազրույցում ասել էր՝«Ես Պուտինի համար չեմ երկիր կառուցել»: Ըստ Ձեզ՝ օտար իշխանությունների, ՌԴ նախագահի նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքն արդարացվա՞ծ է, թե՞ ոչ:
-Իհա'րկե, հայության զգալի մասը սովորել է ապրել ուրիշի իշխանության օրոք և, միգուցե, հոգեբանորեն ավելի հանգիստ է զգում իրեն, երբ պատասխանատվությունն իր վրա չէ` որպես քաղաքացու, այլ` հեռու մի տեղ, դիցուք՝ Մոսկվայում: Լավ, թե վատ, թող էնտեղ լուծվեն խնդիրները. կտրտնջան, կանցնի-կգնա: Ես դա համարում եմ իրականությունից փախուստի ձև: Եվ, իհարկե, ազգային արժանապատվության ողբալի վիճակի վկայությունն է, որ մարդիկ սպասում են, որ Պուտինը գա ու Գյումրիում մի քանի տասնյակ աշխատատեղ ստեղծի... Ու դրա դիմաց մենք ինչ ասես տանք: Թեև պարզվեց, որ արդեն տվել ենք. գազի թանկացումը վաղուց համաձայնեցված է եղել, բայց հետաձգվել է, որպեսզի ընտրություններին «չխանգարի», իսկ գոյացած պարտքի պատճառով «ՀայՌուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասը տվել ենք 100 միլիոն դոլարով իր իրական գնից էժան` մի իշխանության վերարտադրման խաթեր, որը ոչ մի դոլարի օգուտ չի տվել երկրին, միայն՝ վնաս:
-Հասկանալի է, խոսում եմ այն մասին, որ Վլադիմիր Պուտինը իր երկրի ազգային շահերն է հետապնդում, և արդյոք արժե՞ն և որքանո՞վ են տեղին այս դեպքում հակապուտինյան հասարակական տրամադրությունները:
-Ա՞յդ իմաստով: Տեղին են էնքանով, որ Պուտինի հավակնությունները տարածվում են իր երկրից սահմաններից դուրս, որ Պուտինը Հայաստանին ընտրություն է պարտադրել: Մեծ հաշվով` նորմալ մարդը չպետք է անտարբեր լինի՝ որտեղ ինչ է կատարվում, նույնիսկ` անկախ նրանից, թե իր երկրում ինչ վիճակ է: Էդ իմաստով ցանկացած երկրի ղեկավարի դեմ էլ կարելի է խոսել, բայց քանի որ Ռուսաստանի գործը դարձել է ուրիշների զարգացումն արգելակելը, որ իր հետամնաց վիճակն աչք չծակի, ես ողջունում եմ էդ քաղաքականությունը դատապարտողներին: Տարեցտարի օտարերկրյա ներդրումները պակասում են Ռուսաստանում, իսկ Պուտինն ուրիշ` նույնանման խնդիրներ ունեցող երկրներ է ուզում խցկել Մաքսային միություն: Ուղղակի մի վերապահում անեմ, որ Պուտինի դեմ բողոքը չպետք է փոխարինի քո իշխանություններին պահանջներ ներկայացնելուն: Թե չէ` ի՞նչ կա, որ. կարելի է Պուտինի մասին էլ խոսել, Էրդողանի մասին էլ, Սաակաշվիլու մասին էլ…
-Սովոր ենք ասել՝ ինչո՞ւ իշխանությունները 3,5 տարի բանակցեցին ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջն ու հետո վերջին պահին շրջվեցին դեպի Մաքսային միություն: Բայց արդյոք դա անսպասելի՞ էր հեռատես, խորը մտածող մարդու համար:
-Մի բան է` հեռատես լինելը, խորը մտածելը, կամ էլ հոռետեսորեն ոչ մի բանին չհավատալը, մեկ այլ բան է, որ իշխանության պաշտոնական դիրքորոշումը կա: Պաշտոնական մակարդակով Հայաստանը գնացել է ասոցացման, դրա համար էլ վիրավորված ենք, որ 3,5 տարի հիմարացրել են ժողովրդին, պետության անունից խաբել արտասահմանյան գործընկերներին:
- Եվրաինտեգրում, եվրասիական ինտեգրում. այն, ինչ դասագրքերում կարդացել էինք` Տիզբոն, Բյուզանդիա, չե՞ք կարծում, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում որպես համառոտ ու հանրամատչելի պրակտիկ «ձեռնարկ» եկավ, աչքներիս առջևով անցավ:
- Նորմալ է, որ լինեն էդ զուգահեռները, որովհետև Հայաստանը, չհաշված շատ կարճ` տասնամյակների ժամանակահատված, եղել է զուտ տարածաշրջանային, ոչ համաշխարհային նշանակության երկիր: Եվ, այո՛, էդպիսի երկրները ստիպված են ընտրություն կատարել «Տիզբոնի» ու «Բյուզանդիայի» միջև: Կիլիկիայի պատմության մեջ եղել է Մլեհ Ռուբինյանը, ով մահմեդական տիրակալի հետ դաշինք կնքելով` կարևոր ճակատամարտեր շահեց, բայց կործանվեց էլիտայի ու եկեղեցու ձեռքով: Այսինքն` էդ ընտրությունը, քաղաքակրթական կամ` քաղաքական, դրամատիկ կարող է լինել: Իշխանությունն առաջին հերթին պետք է ինտելեկտուալ ներուժ, քաղաքական տաղանդ ունենա, որ յուրահատուկ լուծումներ գտնի:
-Մամուլում տեղեկատվություն եղավ, որ Հայաստանում միասեռ ամուսնություն է տեղի ունեցել, և զույգը ապրում է Երևանի «ամենաքյառթու» թաղամասերից մեկում: Ի՞նչ եք կարծում` ինչպե՞ս Երևանում նման բան հնարավոր դարձավ:
-Կարծում եմ, որ էդ թեմայով խոսակցությունները Հայաստանի նման երկրում ընդհանրապես պետք է տեղ չգտնեն: Ոնց որ մեր երկիրն է միատարր իր ազգային կազմով, և Հայաստանում կենցաղային օտարատյացություն չկա, նույն կերպ սեռական փոքրամասնությունների խնդիրն է չափազանցվում: Իմ շրջապատում չկան էդպիսի մարդիկ, չեմ հանդիպել նրանց ագրեսիվ վարքի կամ քարոզչության: Էս կարգի խոսակցությունները աշխարհաքաղաքական ընտրության պահին ծառայում են որպես մի կողմի՝ Եվրոպայի վարկաբեկման գործիք:
-Բայց ինչու՞, մի տրանսվեստիտ հարցազրույց էր տվել, ասել, որ իրենց մեծ պահանջարկ կա հիմա: Կամ Կոմյագու մասին չե՞ք լսել:
-Դե հիմա, կարող է մի ուրիշ տրանսվեստիտ էլ հարցազրույց տա, ու ասի, որ պահանջարկը փոքր է: Կամ` «Էխո Մոսկվիին» մեկ ուրիշը հարցազրույց էր տվել, ներկայացրել էր, որ մի քանի օրը մեկ ինչ-որ տղերք գալիս են, մի քանի հոգով ծեծում, ջարդում են իրենց… Օլեգ Զոբերնը գրում է, որ Հայաստանում 25 տրանսվեստիտ կա: Երկրում 2,5 միլիոն մարդ կա, էդ 2,5 միլիոն մարդը պետք է ամբողջ օրը խոսի այդ 25-26 հոգու մասի՞ն, այսինքն՝ հարյուր հազարից մեկի: Տեղեկատվական ահաբեկչություն է մեծամասնության հանդեպ, որն ավանդական կողմնորոշում ունի ու չի հետաքրքրվում սեռական փոքրամասնությունների կյանքով: Իսկ Եվրամիության երկրներից մեկը՝ Խորվաթիան, հանրաքվե անցկացրեց ու որոշեց, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև է կնքվում ու վերջ: Հայաստանը շատ ավելի պահպանողական է էդ հարցում: Այսինքն` մի հիսուն տարի հետո կարելի է հանրաքվե անցկացնել, եթե միասեռականության դեմ պայքարի մարտիկները գործընթացները չարագացնեն:
-Չե՞ք նկատել, որ երևանյան դասական «ռաբիսները» իրենց տեղը զիջել են հասարակության մեկ այլ հատվածի, միգուցե նաև քաղհասարակությանը, և նրանց տեղը երևանյան կոլորիտի առումով երևում է:
-Դասական «ռաբիսները» Երևանի կենտրոնում առաջ էլ շատ նկատելի չէին, իսկ արվարձաններում ես եմ հազվադեպ լինում, որպեսզի ընդհանրացում անեմ: Բայց փողոցում կողքովս անցնող մեքենաներից լսվող երաժշտության որակից ու բարձրությունից դատելով` դրանց պակասը երբեք էլ չի զգացվի: Ճիշտ է, ընդհանուր զարգացման հետ «ռաբիսի» մակարդակն էլ է «լավանում»: Այսինքն` էն մարդիկ, որ սրանից երեսուն տարի առաջ ջինս հագնելու համար մարդ կսպանեին, հիմա երևի ջինսից դուրս չեն գալիս: Եվ էդպես ահագին բաներ… Մի ուրիշ խնդիր կա. աշխատանքի, ինքնադրսևորման, բիզնես մրցակցության պակասի պատճառով շատ տղամարդիկ նվաստացած, տանը նստած` սերիալ են նայում: Միգուցե նրանց որոշակի տոկոսն էլ «ռաբիսներն» են, որ կտրվել են փողոցից:
-Ես նկատի ունեմ` ռաբիսի մի «անխառն», «տեղական», բնական տեսակ, որոնց նկատմամբ, որքան գիտեմ, արտերկրում բնակվող երևանցիների մի մասն, օրինակ, ինչ-որ «նոստալջի» ունի:
- Մենք էլ երևի պետք է ներողություն խնդրենք, որ իրենց համար էդ տեսակը չենք պահպանել, չէ՞…Ողջ իշխանական համակարգն է էսօր ռաբիս, իր ուղղահայաց՝ ստրկատիրոջ ու ստրուկի հարաբերություններով. «նոստալջի» ունեն, թող գան հետները հանդիպեն, կարոտներն առնեն: Ես մի բան գիտեմ, որ էդ տեսակն է, որ կարող էր տասը հոգով մի հոգու վրա հարձակվել, ծեծել: Խառը, թե անխառն՝ ես կուզեմ, որ էդ տեսակն, առհասարակ, վերանա: Նույն էդ Ռամիլ Սաֆարովի տեսակն է. մի դեպքում` կացին է ու սպանություն, մյուս դեպքում` ծեծ կամ նվաստացում, մի դեպքում` ուրիշ ազգի ներկայացուցչի հանդեպ է անասնական ատելությունը, մյուս դեպքում՝ ուրիշի, տարբերի: Ես աշխարհի մի երեսուն երկրում եղել եմ, բայց էն տեսակը, որ խմբով կանգնում է մոտակա անկյունում ու անցնող-դարձողին նայում է «թարախ» հայացքով, ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել:
- Վերջին հարցը. գրողների պահվածքին, երբ հայ հասարակությունն` իր ցավերով, իրենք` իրենց, ինչպե՞ս եք վերաբերվում:
- Գրողների միության անդամ չեմ, որ կարողանամ եզրակացություն անել: Ասեմ, որ իմ ընկեր ու ծանոթ գրողների մեծ մասը ակտիվ են` որպես քաղաքացի: Իսկ ընդհանուր առմամբ` գրողներից ունեցած սպասումները ինձ թվում են սովետական ժամանակների մնացուկ: Երբ գրողները գաղափարա-քարոզչական մեքենայի մի մասն էին, գրքերը տասնյակ հազարավոր օրինակներով էին տպվում, մի քանի անգամ ավելի մարդ էլ կարդում էր՝ գրողից կարելի էր դիրքորոշում ակնկալել: Իսկ հիմա ի՞նչ վերաբերմունք սպասել գրողից, որի գիրքը չես կարդացել և, առհասարակ, մի քանի հարյուր հոգի է կարդացել: Պետք է հանգիստ թողնել գրողներին: Նույն կերպ մտավորական է լրագրողը, նկարիչը: Ինչու՞ չեն ասում` իսկ ու՞ր են նկարիչները, ի՞նչ է` նկարիչները մտավորական չե՞ն: Իսկ ու՞ր են երաժիշտները՝ մենակ պետք է նվագեն կամ երգե՞ն: Դիմելիս էլ պետք է պահանջն անձնավորել: Օրինակ` ինչու՞ է տվյալ գրողը իր ստեղծագործություններով ողջ աշխարհին մեղադրում, բայց ինքը ոչ մի անգամ հոդված չի գրել կամ փողոց դուրս չի եկել, որ արդարությունը պաշտպանի:










