Եթե նպատակը PR կամ շոու ապահովելն է, ապա հասել է արդյունքի. Ա. Բաբայանը ՄԻՊ-ի՝ դատական կաշառքների սակագների մասին

12:10 • 10.12.13

Հայաստանի դատական ատյաններում գործող կաշառքների սակագների հրապարակմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նպատակներից մեկը՝ ապահովել PR կամ շոու, ստացված է. նա այսօր և երեկ մամուլի առաջին էջերում է: Սակայն իրավական առումով դա սիրողական մակարդակում է գտնվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

 

Վերջինս նշեց, որ հրապարակելով սակագներ հակակոռուպցիոն երևույթների վերաբերյալ և այն վերագրելով ոլորտի 120 ներկայացուցիչների՝ հիմնվելով նրանց տրամադրած տեղեկատվության արդյունքների վրա, ստացվում է, որ նրանք ինչ-որ կերպ առնչվել են այդ երևույթների հետ: «Իսկ եթե առնչվել են, ուրեմն ի՞նչ է, կա՞պ են ունեցել»-նկատեց Արսեն Բաբայանը:

 

«Իսկ դատական կաշառքների սակագների հրապարակումն էլ միգուցե կաշառքի գովազդի նպատա՞կ է հետապնդում»,-հարցրեց նա:

 

Հիշեցնենք, որ երեկ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր՝ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցում ներկայացրել էր ՀՀ  եռաստիճան դատական համակարգում գործող կաշառքի սակագները՝ հարցումներից ստացված տվյալների հիման վրա:

 

Ըստ այդ զեկույցի տվյալների՝ Առաջին ատյանի դատարանում կաշառքի չափերը տատանվում էին 500-10.000 դոլարի սահմաններում, իսկ Վճռաբեկ դատարանում հասնում էր մինչև 50.000 դոլար:

 

Արսեն Բաբայանը հայտարարեց, որ եթե կան նման փաստեր, ապա շատ ավելի ճիշտ կլիներ, որ ՄԻՊ-ն այդ փաստերի մասին տեղեկացներ իրենց, այս փաստերով ուսումնասիրություններ անեին, պայքարեին բոլորով, օգնեին վերացնել դատական համակարգում առկա թերությունները, ինչու ոչ՝ կոռուպցիան, այլ ոչ թե «ուղղակի ցեխ շպրտել», սենսացիա բացահայտել՝ դրա դեմ պայքարի նպատակ չունենալով:

 

«Ցանկացած տեղեկատվություն հիմնավոր չէ, եթե դրա համար չեն ներկայացվում կոնկրետ փաստեր, եթե այն չի նպատակ հետապնդում բացահայտել մեղավորներին, առավել ևս հրապարակված սակագները հանրության մոտ անվստահություն ստեղծելուն միտված գործընթաց է: Ինչի՞ն պետք է հասնենք դրանով»,- նկատեց Արսեն Բաբայանը և հարցրեց, թե մարդու ո՞ր իրավունքներն է պաշտպանել Կարեն Անդրեասյանը՝ զեկույցի այդ բաժինը հրապարակելով:

 

Երեկ դատական դեպարտամենտի ղեկավարը գնացել է ՄԻՊ գրասենյակ՝ ՄԻՊ-ի զեկույցի հրապարակման ժամանակ հարցեր տալու, թե ի՞նչ մեթոդոլոգիայով է արվել զեկույցը, մասնագիտական այլ հարցեր, սակայն, ըստ նրա, Կարեն Անդրեասյանը կանխել է իր ներկայությունն ասուլիսին՝ ասելով, որ Արսեն Բաբայանի ներկայությունից ճնշվում է:

 

«Ես էլ լքեցի , որ չճնշվի»,-մեկնաբանեց Արսեն Բաբայանը՝ նկատելով, որ նախկինում եղել է նախադեպ, որ ՄԻՊ-ի զեկույցի ժամանակ ներկա է եղել, բայց նա չի ճնշվել:

 

Ի պատասխան հարցի, թե չի՞ համարում, որ ՄԻՊ-ի զեկույցը կարող էր ուղղորդված լինել՝ նկատի ունենալով, որ վերջին շրջանում մշտապես գրվում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին շուտով փոխարինելու են, Արսեն Բաբայանը նկատեց, որ հինգ տարի է՝ Արման Մկրտումյանն աշխատում է, հինգ տարի է՝ մամուլը գրում է, որ նրան հանելու են:


Ասուլիսին նշվեց, որ այսուհանդերձ, սկանդալները դատական համակարգում շատ-շատ են՝ նկատի ունենալով դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի, նրա տեղակալի ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի ողջ շղթան:

 

Այս դիտարկմանն ի պատասխան Արսեն Բաբայանը նկատեց, որ, այո, կան վատ եղելություններ, բայց և ավելացրեց, որ տրված է քրեական ընթացք, և վերջնական արդյունքները ավելի ուշ պարզ կլինեն:

 

Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն կարծում է, որ դատական համակարգի նկատմամբ այս սենսացիոն բացահայտումները պետք է քննարկման առարկա դառնան իրավապահների կողմից:

 

«Այսինքն՝ անվանական որևէ բան չկա, և չնայած դատավորին վիրավորելու համար քրեական հետապնդում նախատեսված է, բայց այստեղ գտել են մեխանիզմներ, որ նման հարց չառաջանա»,-մանրամասնեց նա:

 

Ի պատասխան հարցի, թե Արսեն Բաբայանը որպես Դատական դեպարտամենտի աշխատակից, կարո՞ղ է համակարգի համար իրեն վիրավորված զգալ և դիմել դատարան՝ զրպարտության համար, նա նկատեց, որ անձը կարող է դատարան դիմել միայն իր խախտված իրավունքների համար, իսկ զեկույցով Արսեն Բաբայանի իրավունքի խախտում չի եղել: