ԲՀԿ-ն ԱԺ «հապճեպ կարգով բերված» նախագծերի քվեարկությանը չմասնակցեց, բայց դա չխանգարեց օրենքների ընդունմանը
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ այսօր ընդունվեցին մի շարք օրենքների նախագծեր, որոնց թվում էր նաև «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը: Մինչ քվեարկությունը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն իր տեսակետն արդեն հայտնել է կառավարության կողմից ԱԺ հապճեպ կարգով բերված նախագծերի վերաբերյալ և չի մասնակցի քվեարկությանը, ինչը ԱԺ-ի համար պատվաբեր չէ։
«Մենք նման նախագծերի քվեարկությանը չենք մասնակցում: Ի դեպ, բովանդակային առումով կտրականապես դեմ ենք այս նախագծին, և անհետաձգելի ճանաչված որևէ նախագծի քննարկման, որ ուրբաթ կեսգիշերին կառավարությունը կբերի Ազգային ժողով»,- ասաց նա:
ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավելեց, որ այս օրենքով մարդիկ ստիպված կլինեն իրենց գրպանից ավել գումար ծախսել (մոտ երեսուն հազար դրամ)` կենսաչափական անձնագրերի ձեռք բերման համար:
Օրենքն առաջին ընթերցմամբ՝ 71 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց։










