Այս ակցիան շանտաժ է. Մանվել Բադեյանը «Ընդդեմ կուտակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության բոյկոտի մասին

11:46 • 10.12.13

«Ընդդեմ կուտակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները որոշել էին բոյկոտել ՀՀԿ-ական պատգամավորներին պատկանող բիզնեսները՝ սպասարկման կենտրոններ, խանութներ, ռեստորաններ և այլն: Որոշումն ընդունելիս նախաձեռնության անդամները հաշվի էին առել այն հանգամանքը, որ հենց այդ պատգամավորներն են դեմ քվեարկել խորհրդարանական ընդդիմության կողմից առաջարկված «Կուտակային կենսաթոշակային օրենքում պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախագծին»: Tert.am-ը զրուցեց բոյկոտվող պատգամավորներից Մանվել Բադեյանի հետ:


«Այս ակցիան շանտաժ է. իրենց իրավունքն է, ուզում են բոյկոտեն, ուզում են՝ ոչ, բայց իրենք պետք է հասկանան, որ ես մտածում եմ իրենց ապագայի մասին, ես էլ, Հանրապետական կուսակցությունն էլ,- ասաց Մանվել Բադեյանը՝ շարունակելով,- ա՛յ, երբ իրենք կհասնեն թոշակի տարիքի, այն ժամանակ գուցեև հասկանան, որ հիմա ճիշտ որոշում էր ընդունված»:


Հարցին, թե իր բիզնեսի վրա զգացե՞լ է այդ բոյկոտի ազդեցությունը, Մանվել Բադեյանը պատասխանեց. «Ես բիզնեսով չեմ զբաղվում, ուստի և ուսումնասիրություն չեմ արել: Համենայնդեպս, կարծում եմ, որ չնչին է դրանց թիվը: Ամեն մարդ իրավունք ունի իր պահելակերպն ընտրի, ես այդտեղ խնդիր չունեմ»: