Էստոնիան կոչ է արել վերանայել «Արևելյան գործընկերության» ծրագիրը

13:17 • 10.12.13

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետը համարում է, որ Ուկրաինայի վերջին իրադարձությունները վկայում են ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» ծրագիրը վերանայելու և այն ավելի ժամանակակից դարձնելու անհրաժեշտության մասին, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն։

 

«Այդ ծրագրի մասնակից վեց պետություններն ամենասկզբից շատ տարբեր էին, և այժմ, երբ Վիլնյուսի գագաթնաժողովը կարծես բաժանարար գիծ տարավ, այդ վեց պետությունների միջև տարբերություններն ավելի ակնառու դարձան»,- ասել է Էստոնիայի արտգործնախարարը։

 

Նրա կարծիքով՝ Եվրամիությունը պետք է շարունակի իր գործունեությունը, սակայն հաշվի առնի պետությունների տարբերությունները:

 

«Մի կողմից՝ Վրաստանը և Մոլդովան, մյուս կողմից՝ Բելառուսն ու Ադրբեջանը, իսկ այժմ նաև ինչ-որ տեղ մեջտեղում Հայաստանը և Ուկրաինան: Հարկավոր չէ՞ դրան նայել թարմ հայացքով»,- ասել է նախարարը:

 

Նա կարծում է, որ անհրաժեշտ է մշակել կոնկրետ ծրագրեր պետություններից յուրաքանչյուրի համար և ելնել նրանից, թե ինչ են նրանք ցանկանում, ինչի են պատրաստ: