Վրացի լրագրողները կասկածվում են Ուկրաինայի անկարգություններին ներգրավված լինելու համար
Ուկրաինայի ուժայինները «Թաբուլա» վրացական հեռուստաընկերության մի քանի լրագրողներից, որոնք լուսաբանում էին Կիևի բողոքի ակցիաները, պահանջել են լքել երկիրը, գրում է lenta.ru-ն:
Այդ մասին հեռուստաընկերության աշխատակիցը հայտնել է Հանրային հեռուստատեսության եթերում: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 10-ի առավոտյան երեք երիտասարդներ եկել են «Դնեպր» հյուրանոց, որտեղ մնում էին վրացի լրագրողները:
Ցույց տալով Ուկրաինայի անվտանգության ծառայության և Միգրացիոն ծառայության վկայականները՝ նրանք ընթերցել են Անվտանգության ծառայության փոխտնօրենի ստորագրությամբ որոշումը, որտեղ ասվում էր, որ ԶԼՄ-ների աշխատակիցները պետք է հեռանան երկրից, քանի որ նրանք կասկածվում են օրերս տեղի ունեցած զանգվածային անկարգություններին ներգրավված լինելու համար: Այցելուներն ընդգծել են, որ եթե լրագրողները չկատարեն այդ որոշումը, նրանց ստիպողաբար դուրս կհանեն:
Թե քանի վրացի լրագրող պետք է լքի Ուկրաինան, չի հաղորդվում: Թե մասնավորապես ինչի համար են նրանց կասկածում, նույնպես հայտնի չէ: Ուկրաինայի ոստիկանությունը որպես «զանգվածային անկարգություն» է որակել նախագահ Վիկտոր Յանուկովիչի գրասենյակի վրա գրոհի փորձը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, ինչպես նաև Լենինի արձանի տապալումը դեկտեմբերի 8-ին:










