Գազի պարտքը գաղտնի պահելով իշխանությունները խաբել են հասարակությանը. Գուրգեն Եղիազարյան
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը համարում է, որ ՀՀ իշխանությունները խաբեությամբ են զբաղվել, երբ հասարակությունից գաղտնի են պահել փաստը, որ «ՀայՌուսգազարդը» 300 մլն դոլարի գազի պարտք է ունեցել ռուսական «Գազպրոմին», ինչի համար նա մեղադրում է միմիայն ՀՀ իշխանություններին:
«Իշխանություններն ասում են՝ Մաքսային միություն ենք մտնում, որ գազը չթանկանա: Լա՞վ եք պատկերացնում ինչի՞ մասին եք խոսում: Ստորագրել եք արդեն էդ պայմանագիրը, էլ ինչի՞ եք ձեզ խեղկատակների տեղ դնում: Ինչի՞ եք ձեզ անլուրջ պահում: Բա որ էլ չթողնեն մտնեք մաքսային ընտանիք»,- հարցերն ուղղելով իշխանություններին՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ այդ պարտքի մասին մարդիկ իմացան ընդամենը օրեր առաջ. «Փաստորեն էս մարդիկ այդ գումարը պարտք են դնում Հայաստանի ուսերին, և վաղը, մյուս օրը մեր երեխաները, մեր թոռները պետք է այդ տոկոսները վճարեն էս աղքատիկ բյուջեի պարագայում»:
Նրա կարծիքով՝ ՀՀ կառավարության մեկ անդամը գաղափար չունի, թե ինչ է ասում մյուս անդամը, և մյուսը գաղափար չունի, թե ինչ է ասում երրորդ անդամը:
«Էներգետիկայի նախարարը մի բան է ասում, ՀՀԿ խոսափող Գալուստ Սահակյանը մեկ այլ բան է ասում, նախարարները լրիվ ուրիշ բան են խոսում նույն թեմայի վերաբերյալ: Էս է մեր վիճակը: Չորս կողմից խաբում են, մեկը չկա, որ մի բան ասի ու չխաբի: Մի դեպք չի, երկուսը չի, երեքը չի»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ ընդգծելով, որ խղճուկ, թշվառ վիճակ է ստեղծված, և իշխանություններն էլ իրենց դրսում պահում են թշվառականի նման:
«Հետո տեսել են, որ ինչքան սուտ ասում են, այս հայ ազգը հիշողություն չունի, մոռանում է: Էս որակի հայը, որը մնացել է Հայաստանում, հիշողություն չունի, դրա համար էլ խաբում են»,- ավելացրեց նա:
Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի անցնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը՝ Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ չփորձված բաներ չպետք է կատարի։
«Այս վիճակում, երբ մենք չունենք տնտեսություն, այս արտագաղթի պայմաններում ու այս անկուշտ, թալանչի իշխանությունների պարագայում ինչպե՞ս կարելի է խոսել կուտակային ֆոնդերի մասին: Դա նույնն է, երբ գառան դմակը գայլին պահ տանք: Վաղը, մյուս օրը սրանք փախչելու են արտասահմաններ, պլաստիկ վիրահատություններ են անելու, գնան իրենց կղզիներում ապրեն ու էս կուտամաններն էլ հետներն են տանելու»,– ասաց Գուրգեն Եղիազարյանը:










