Կիևի կենտրոնում վերսկսվել են ցուցարարների և ոստիկանների միջև բախումները
Կիևի կենտրոնական փողոցներից մեկի բարիկադների մոտ վերսկսվել են Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների և ոստիկանների միջև բախումները, անհայտ անձինք այրել են բարիկադները, գրում է Взгляд-ը:
Կենտրոնական Լյուտերանսկայա փողոցի բարիկադներին լույս երեքշաբթի մոտեցել է «Բերկուտի» առնվազն 200 հատուկջոկատային: Նրանք մոտեցել են Շելկովիչնայա փողոցի կողմից, որտեղ ավելի վաղ ոստիկանությունը կոտրել էր ցուցարարների բարիկադները:
Բարիկադներն ամբողջովին արգելափակվել են, իրավապահները փակել են բոլոր մուտքի ճանապարհները՝ սաղավարտներով խիտ շարք կազմելով: Ցուցարարները բարիկադների ետևում բարձրախոսների միջոցով կոչ են արել ներքին զորքերի աշխատակիցներին անցնել իրենց կողմ:
Գիշերվա ընթացքում ոստիկանությունը վերացրել է վերջին բարիկադներից մեկը կառավարական թաղամասում: Դրանից հետո ցուցարարները շարժվել են Մայդան, որտեղ սկսվել է բարիկադների ամրացումը՝ ոստիկանությանը սպասելով:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը նշել է, որ ոստիկանությունը քանդում է Կիևի կենտրոնում բարիկադները դատարանի որոշման հիման վրա:










