Կիևը բաց կթողնի Ասոցացման համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, եթե հաղթի ուժի քաղաքականությունը. Լիտվայի ԱԳ նախարար
Ուկրաինայի իշխանությունները բաց կթողնեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը, եթե ճգնաժամը կարգավորելու ժամանակ երկրում հաղթի ուժի քաղաքականությունը, հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը, հաղորդում է Интерфакс-Украина-ն:
«Եթե հաղթի ռացիոնալ մտածողությունը, ապա կարելի է առավել կառուցողական արդյունքների հույս ունենալ: Բայց եթե հաղթի ուժի քաղաքականությունը, ապա, իհարկե, ոչ միայն բաց կթողնվի Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու շուրջ խոսելու հնարավորությունը, որը որպես նպատակ է դրված, այլև կայրվեն վստահության վերջին կամուրջները»,- ասել է նա Լիտվայի ռադիոյին:
Բրյուսելում գտնվող Լիտվայի արտգործնախարարը նշել է նաև, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հույս ունի Կիևում հանդիպել իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների, օտարերկրյա կազմակերպությունների հետ։
«Եթե Ուկրաինայի իշխանությունները դեռ ցանկանում են շարունակել երկխոսությունը, նրանք պետք է ցույց տան որոշակի նշաններ»,- ասել է Լինկյավիչյուսը:










