Կիևը կարող է ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրել գարնանը. Ուկրաինայի նախկին նախագահ
Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը երկրի գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Կիևը կարող է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել գարնանը, եթե փոխզիջում գտնվի, գրում է Корреспондент-ը։
Կրավչուկի խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը մեկնել է կամ մոտ ժամանակում կմեկնի Բրյուսել՝ ԵՄ-ի հետ ասոցացման վերաբերյալ տնտեսական հարցերը լուծելու համար։
«ԵՄ-ի հետ պայմանավորվածություն կա, որ պետք է արվեն այնպիսի քայլեր, որոնք թույլ կտան Ուկրաինային ստորագրել համաձայնագիրը՝ չկորցնելով սեփական տնտեսական շահերը և զարգացման հնարավորությունները։ Եթե ԵՄ-ի կողմից, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովի, կատարվեն բոլոր խոստումները, ապա մարտին համաձայնագիրը կստորագրվի»,- ասել է Կրավչուկը։
Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչն էլ հանդիպման ընթացքում հայտնել է, որ երկրի ուղղությունը դեպի եվրաինտեգրում չի փոփոխվի։ «Դա ուղի է, որը հաստատված է օրենսդրական մակարդակով և չի փոխվի։ Այդ ուղին կշարունակվի»,- ասել է Յանուկովիչը։










