«Մագնիտսկու ցուցակը» կարող է ընդլայնվել
ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են ընդլայնել «Մագնիտսկու ցուցակը», որտեղ ներգրավված են ռուսներ, որոնք ենթադրաբար կապ են ունեցել Hermitage Capital հիմնադրամի փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան հետ։
Այդ մասին BBC-ին հայտնել են ԱՄՆ Սենատում և Պետդեպարտամենտում ունեցած աղբյուրները։
Նոր անունները, որոնք կհայտնվեն հաշվետվության մեջ, Պետդեպարտամենտն ու ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատրաստվում են Կոնգրեսին ներկայացնել մինչ դեկտեմբերի 14-ը։
Այս օրենքը, որը Բարաք Օբաման ստորագրել էր 2012թ.-ի դեկտեմբերի 14-ին, ԱՄՆ իշխանություններին թույլ է տալիս կալանքի տակ դնել ռուս պաշտոնյաների ակտիվները, որոնք Վաշինգտոնում կասկածվում են մարդու իրավունքների խախտումների համար, ինչպես նաև արգելել նրանց այցը Միացյալ Նահանգներ։
Թե ում են պատրաստվում ներառել ընդլայնված ցուցակում, դեռևս հայտնի չէ։ Վերջին տվյալներով՝ ցուցակում ներառված է 18 մարդ։










