ՊԵԿ փոխնախագահը մասնակցել է Միջազգային հարկային երկխոսության 5-րդ գլոբալ համագումարին
Մարաքեշում (Մարոկկո) օրերս կայացել է «Հարկային և միջկառավարական հարաբերություններ» խորագրով Միջազգային հարկային երկխոսության 5-րդ գլոբալ համագումարը, որին մասնակցել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Միջազգային հարկային երկխոսությունը` Եվրոպական հանձնաժողովի, Միջամերիկյան զարգացման բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ներկայիս նախագահողը), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Համաշխարհային բանկի և Հարկային մարմինների միջամերիկյան կենտրոնի համագործակցային նախաձեռնությունն է, որը նպատակ ունի խրախուսելու և աջակցելու հարկային հիմնախնդիրների շուրջ երկխոսությանն ու լավագույն փորձի փոխանակմանը:
Համագումարի ընթացքում քննարկվել են մի շարք հարկային հիմնահարցեր, որոնք ի հայտ են գալիս տեղական և կենտրոնական կառավարությունների միջև փոխհարաբերությունների ընթացքում, ինչպես նաև այնպիսիք, որոնք ծագում են տարածաշրջանային համաձայնագրերի շրջանակներում:
Պետությունների միջև հարկային ռեսուրսների (ուժերի) բաշխմանը, եկամուտների ձևավորմանն ու ֆոնդերի բաշխմանն ուղղված կարգավորումներն էական ազդեցություն ունեն հարկային համակարգի ընդհանուր մակարդակի, կառուցվածքի և արդյունավետության վրա, կարող են էականորեն ազդել նաև մակրոտնտեսական զարգացման վրա: Համագումարն անդրադարձել է նաև վերոնշյալ հիմնահարցերի և մարտավարական, և վարչարարական կարգավորումներին:










