Վատ է, որ դատավորները շորթում են. նախկին դատավոր Պարգև Օհանյան

09:00 • 10.12.13

Tert.am-ը ՀՀ ՄԻՊ-ի զեկույցում ներկայացված՝  դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմների, շրջանառվող կաշառքի սակագների վերաբերյալ զրուցել է նախկին դատավոր, Արդարադատության խորհրդի կողմից նախ կարգապահական վարույթի ենթարկված, ապա 2007-ին դատավորի լիազորություններից զրկված Պարգև Օհանյանի հետ՝ դատական համակարգի թերությունների և կոռուպցիան վերացնելու շուրջ: «Վատ է, որ շորթում են: Ըստ որում՝ շորթելու տարբեր ձևեր կան. կա ուղղակի ուզել, կա էնքան տանել-բերել-ձգել, մինչև որ մարդն իր ամենահիմնավոր պահանջի դեպքում մտածի՝ ինչ անի, որպեսզի իր արդար պահանջը բավարարվի»,- վիճակը նկարագրեց Պարգև Օհանյանը: 


-Պարոն Օհանյան, զեկույցում հայտնվեց, որ Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը հասնում է մինչև 50 000 ԱՄՆ դոլարի: Սա կարելի՞ է իրատեսական համարել:


-Ի՞նչն է 50 000:


-Կաշառքի շեմը:


-Բողոքի քննությա՞ն, ճիշտն ասած… չգիտեմ: Ճիշտն ասած, այդ ողջ զեկույցը՝ դատական իշխանությանը վերաբերող, ինձ պետք է փոխանցեն, և դրանում ես որոշ «մասնակցություն» ունեցել եմ, այսինքն՝ իմ կարծիքը հաշվի առնվել է, ավելին ասել չեմ կարող: Նախ, որովհետև ծանոթ չեմ, երկրորդ՝ լուրջ չեմ համարում այդ զրույցը, այդ թիվը նույնպես: Թեև ցավը նրանում է, որ մենք լուրջ ենք համարում երևույթը, և լուրջ չենք համարում թիվը:


-Լուրջ չեք համարում ինչը` կաշառքի թվի չա՞փը:


-Կաշառքը չեմ բացառում, բայց էդ… դե հիմա այդ 50 է, թե ինչքան, ի՞նչ է փոխում (ծիծաղում է):


-Պարոն Օհանյան, ըստ Ձեզ՝ վերջին հինգ-վեց տարիներին կաշառքի չափերը բարձրացե՞լ են, և, եթե հնարավոր է, կարո՞ղ եք ասել, այն ժամանակ ի՞նչ գումարի կաշառքներ էին գործում:


-Ախր այդպես չեմ կարող ասել...Նախ, Վճռաբեկին վերաբերող ոչինչ չեմ կարող ասել, իսկ Առաջին ատյանը… ճիշտ է՝ երևույթը կա, բայց ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալիս: Վատ է, որ շորթում են: Ըստ որում՝ շորթելու տարբեր ձևեր կան. կա ուղղակի ուզել, կա էնքան տանել-բերել-ձգել, մինչև որ մարդն իր ամենահիմնավոր պահանջի դեպքում մտածի՝ ինչ անի, որպեսզի իր արդար պահանջը բավարարվի: Էսպես:


-Պարոն Օհանյան, արդյոք այս թվերի հրապարակումը չի՞ նշանակում, որ Արման Մկրտումյանն այլևս չի պաշտոնավարելու, որին փոխարինելու մասին, ի դեպ, խոսվում է մամուլում՝ հղում անելով հավաստի աղբյուրներին:


-Հնարավոր է, որ նշանակում է, բայց այդ փոփոխությունն ի՞նչ է նշանակելու, այսինքն՝ ի՞նչ է փոխվելու: Ես չգիտեմ… անձից շատ բան է կախված, բայց ամեն դեպքում, համակարգային մոտեցում է պետք, կոնցեպցիա է պետք:


-Ի՞նչ միջոցներ պետք է լինեն, ըստ Ձեզ, դատարաններում կոռուպցիան նվազեցնելու համար, ո՞ր երկրի մոդելն է արդյունավետ, ուսումնասիրե՞լ եք լավագույնը:


-Տարբեր-տարբեր , այս մասին խոսվել է, հայեցակարգեր կան, լուրջ մարդիկ արտահայտվել են… դե, իսկ առաջին քայլերից մեկը դատավորների աշխատավարձերի բարձրացումն է, որը առաջ մի բան չէր, հիմա ոչինչ, փառք Աստծո, թեև բավարար չէ: Դեռ բավարար չէ մաքուր աշխատավարձը մաքուր ապրելու, ազնիվ ապրելու համար: Երկրորդ՝ շատ կարևոր եմ համարում, որ լուծվի նրանց անկախության հարցը: Նրանք պետք է վստահ լինեն, որ ինչ վճիռ էլ կայացվի՝ իրենց աշխատանքից չեն հեռացնի, իրենց ընտանիքը սովամահ չի լինի: Երրորդ՝ օրենքի գերակայության հարցը, չորրորդ՝ օրենքների կատարելագործման հարցը և այլն: Նաև խստության էլ..ինչպես ասում են՝ Доверяй, но проверяй: Այսինքն՝ ես տալիս եմ աշխատավարձը, անկախությունդ ապահովում եմ, բայց ինձնից չնեղանաք՝ ստուգելու եմ: Ինչպես ողջ աշխարհում:


-Լավ, իսկ ի՞նչ եք կարծում դատավորների աշխատավարձերը որքա՞ն է պետք բարձրացնել, մինչև ո՞ւր հասցնել, որ կաշառք չվերցնեն:


-Բնականաբար, միայն դա չի օգնի, միայն դա հարց չի լուծի: Եվ, երևի թե, մինչև հիմա չի լուծվել այդ պատճառով: Բա ես ի՞նչ էի ասում: Ամփոփեմ հետևյալում. պետությունը պետք է լինի երաշխավորը՝ ինչպես Սահմանադրությունում ամրագրված է, ի դեմս նախագահի, որ ես քեզ տալիս եմ բարձր աշխատավարձ, բարձրացնում եմ որքան հնարավոր է, ապահովում եմ քո անկախությունը տարբեր կառույցներից՝ դատախազություն և այլն, և դու չպետք է վախենաս արդարացման դատավճիռներ կայացնելիս, կատարվում են օրենսդրական և այլ բարեփոխումներ: Արդյունքում՝ օրենքի գերակայությամբ իրականացվում է արդարադատություն:


- Պարոն Օհանյան, երբ սկսվեց Հայաստանի մասին «Վիկիլիկսի» հրապարակումների շարքը Ձեր անունն էլ էր շոշափվում: Մասնավորապես, որ երբ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Յովանովիչը արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից հարցրել է, թե ինչո՞ւ Ձեզ ազատեցին, նա ասել էր, որ Ձեզ համարում է բարեփոխիչ, լայնախոհ մարդ, սակայն իրեն ցույց են տվել տեսագրություն, որտեղ Դուք «Ռոյալ Արմենիայի» գործով կաշառք եք վերցնում մեկ միլիոն դոլարի չափով:


- Առաջին անգամ եմ լսում… Այսինքն՝ իմ անունը որպես ի՞նչ է շոշափվում: Դե, էդպիսի խոսակցություններ էլի լսել եմ, դեռ էն ժամանակ շրջանառվում էր՝ 1-1,5 միլիոն, տարբեր թվեր, դե չգիտեմ, թե մնացածը արդեն ով ոնց ընկալեց, հավատաց: Կարևորը, որ ես իմ խղճի առաջ, Աստծո առաջ եմ պատասխանատու: