Հայ-թուրքական հարաբերությունների հարցում ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը չի փոխվել. ԱԳՆ խոսնակ
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ արտգործնախարարության դիրքորոշումը հայտնի է և այն փոփոխություն չի կրել։
Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբաներ «Առավոտ» օրաթերթի հրապարակումը, որը վկայակոչելով ՀՀ ԱԳՆ–ի իր աղբյուրը, գրել էր, թե Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով 10 օր առաջ փոխանցվել է անձամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին։
Հիշեցնենք, որ թերթը գրել էր, որ ճանապարհային քարտեզը երեք կոնկրետ հանգրվանի մասին է։
1.Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը և ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջև։
2.Անհապաղ բացում է Հայաստան-Թուրքիա սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հայաստանի հետ։
3.Դրանից հետո ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կարողանում է հանդես գալ խաղաղարար ջանքերով և իրավունք է ստանում հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետքաշման և հասարակություններին խաղաղության պատրաստման ոլորտներում։










