Չկա օրենք՝ պայքարում ենք զոհի հետ առանց զենքի. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

16:47 • 10.12.13

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցայի անդամներ Հասմիկ Գևորգյանը, Անուշ Խաչատրյանը և Սուսաննա Վարդանյանն ամփոփեցին գենդերային բռնության դեմ իրականացված գործողությունների 16-օրյակը:

 

Կոալիցիան ընտանեկան բռնության ու դրա հետևանքների մասին հանրային իրազեկման և բռնության նոր դեպքերի կանխարգելման նպատակ է հետապնդում՝ կազմակերպելով բազմաթիվ միջոցառումներ ու ակցիաներ:

 

«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Վարդանյանի խոսքով՝ ստացված ահազանգերն անցած տարիների համեմատ տեսանելիորեն աճել են, ինչը ամենամեծ հաղթանակն: Բայց փաստել, որ բազմաթիվ զանգերը ընտանեկան բռնությունների ավելացման կամ կանանց՝ ավելի տեղեկացված լիելու պատճառով են, ճիշտ չի համարում:

 

Տիկին Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ իրենց ՀԿ են զանգահարում անգամ տղամարդիկ, սակայն իրենք կարող են օգնել միայն կանանց: ՀԿ-ն տուժածներին օգնություն է ցուցաբերում՝ փոխելով երեխաների դպրոցը և ընտանիքին տրամադրելով ապաստան, որի հասցեն գաղտնի է:

 

Բանախոսների թվում էր նաև տուժած Հասմիկ Խաչատրյանը, ով այլևս չդիմանալով ընտանեկան բռնությանը, ամուսնու խոշտանգումներին` տանից փախել է և դատարան դիմել՝ խոշտանգումների փաստով:

 

«Ես վտանգում էի կյանքս ու ելք չունեի: Յուրաքանչյուրն իր արածի համար պետք է պատասխան տա»,-ասաց Հասմիկը և խորհուրդ տվեց կանանց՝ պաշտպանել սեփական իրավունքներն ու ինչ-որ մեկի հաճույքի ու բռնարարքի զոհը չդառնալ:

 

ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գևորգյանը ցավով նշեց, որ չկա օրենք. «Պայքարում ենք զոհի հետ առանց զենքի»: 

 

Ծրագրերի համակարգող Անուշ Խաչատրյանը հավելեց, որ արագ արձանագրման խումբը գրանցել է բռնության 14 դեպք:

 

Սուսաննա Վարդանյանի տվյալներով ՝ այս տարի հունվարի 31-ից հուլիսի 31-ը կենտրոնը ստացել է ընդհանուր 1344 զանգ, որից 897-ը եղել են ընտանեկան բռնության մասին զանգեր, 338 առաջնային զանգ, 559-ը՝ կրկնվող զանգեր, 447 այլ զանգ:

 

Վերջինս հորդորեց պաշտոնյաներին լրջորեն մտածել ու որոշում կայացնել կանանց պաշտպանության հարցում: Ըստ նրա`գալիք տարի իրենց ամենամեծ նվաճումը պետք է լինի «Կանանց բռնության մասին» օրենքի ընդունումը, որն այս տարի առկախվեց: Ընտանեկան բռնության դեմ պայքարող կոալիցիայի անդամները հուսով են, որ օրենքը կլինի ոչ միայն պատժող, այլև`բռնության դեպքերը կանխարգելող:

 

Ամփոփելով ասուլիսը՝ բանախոսները նշեցին իրենց ձեռքբերումներն ու բացթողումները` հույս ունենալով, որ արդեն մյուս տարի կընդունվի վերոհիշյալ օրենքը: