Հոդվածներ մի՛ պատվիրեք ու մի՛ հարստացրեք մամուլի հաստավիզ ներկայացուցիչներին, լրագրողներին. Հ. Աբրահամյանը՝ Զ. Փոստանջյանին

15:13 • 11.12.13

ԱԺ-ում բուռն կերպով քննարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանի՝ օրենքի նկատմամբ հետաքրքրությունը բացատրեց նրա շահով, քանի որ ըստ նրա, ԱԺ նախագահը ձկնաբուծության բիզնեսի ոլորտում մենաշնորհ ունի։

 

Փոստանջյանին հակադարձելու համար ամբիոնին երկրորդ անգամ մոտեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և իր խոսքում հերքեց Զարուհի Փոստանջյանի մեղադրանքները, դրանք որակելով մաղձի արդյունք։

 

«Ինչ վերաբերում է ձկնարդյունաբերության իմ բիզնեսին ասեմ, որ բիզնեսով զբաղվելն արգելվում է պատգամավորին, բայց օրենքը թույլ է տալիս նաև կառավարման և այլ պրոցեսներով ունենալ բիզնես: Եվ ես չեմ ամաչի, որ ունենամ ձկնարդյունաբերությունում բիզնես ու դրա մասին հայտարարեմ»,-ասաց նա և ավելացրեց, թե իր համար քննարկումների արդյունքում ի հայտ եկել մեկ այլ խնդիր:

 

«Կան մարդիկ, որոշ քաղաքական գործիչներ, որոնք զբաղվում են իմ նկատմամբ մամուլում պատվերներ տալով: Փոքր երկիր է, ու մենք հստակ գիտենք՝ որ մամուլը ում կողմից է կառավարվում, ով է այդ պատվերները հնչեցնում: Ինձ համար այսօր ևս մեկ պատվիրատու ի հայտ եկավ: Բազմաթիվ հոդվածներ կան, որ ես ունեմ ձկնարդյունաբերության օբյեկտ, զբաղվում եմ ձկնարդյունաբերությամբ ու փաստորեն պատվիրատուն դահլիճում նստած է»,-դիմելով Զարուհի Փոստանջյանին՝ ասաց նա և շարունակեց: «Իմ ցանկում ևս մեկ պատվիրատու ավելացավ, որոնք իմ հետ կապված սուտ հերյուրանքներ են տարածում մամուլում»:

 

ԱԺ նախագահը նշեց, թե մամուլին պատվերներ իջեցնելը հարիր չէ պատգամավորին, ապա հորդորեց՝ զբաղվել ընտանիքով, երեխաների դաստիարակությամբ. «Մարդիկ կան, նստած այստեղ-այնտեղ, աշխատասենյակում, տանը, որ լսում են փողոցում հասարակությունը հավաքվել, դժգոհում է, վազում են այնտեղ ու սկսում են իրենք Քրիստոսի դերակատարություն ստանձնել, թե եկել ենք՝ ժողովրդին օգնենք: Ամոթ է, ամոթ: Բոլորը հասկանում են, տեսնում են իրենց քաղաքական վարկը, պահվածքը… խորհուրդ եմ տվել, ոչ թե զբաղվել Աբրահամյանի նկատմամբ հոդվածներ պատվիրելով, գումարներ վատնելով, այլ՝ այդ գումարներ տանել մանկատներին, ծերանոցներին, սոցիալապես անապահով մարդկանց, հիվանդ երեխաներին, ոչ թե հարստացնել մամուլի հաստավիզ ներկայացուցիչներին, լրագրողներին: Ամոթ է»: