Թուրքիան Ղարաբաղը կսահմանի որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գին. Արա Պապյան

09:09 • 11.12.13

«Մոդուս վիվենդի» (Modus Vivendi) կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, ով երկար տարիներ լինելով դիվանագետ՝ քաջածանոթ է ՀՀ պետական արարողակարգին, Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին կառաջարկվի՞ այցելել Ցեղասպանության հուշարձան և նա դրանից կկարողանա՞ հեշտությամբ խուսափել, ասում է, որ մեր պետական արարողակարգը նախատեսում է այցելություն Ծիծեռնակաբերդ: Նա, սակայն, մատնանշում է մի նրբություն. Դավութօղլուն գալիս է ոչ թե Հայաստան՝ երկկողմ հարաբերությունների շրջանակում, այլ Սևծովյան տնտեսական համագործակցության նիստին մասնակցելու, հետևաբար նա հեշտությամբ կարող է հրաժարվել այդ առաջարկից:



-ՀՀ արտգործնախարարության աղբյուրը «Առավոտին» պնդել էր, որ Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով 10 օր առաջ փոխանցվել է անձամբ Ահմեթ Դավութօղլուին։ ՀՀ-ից նման նախաձեռնողականություն հնարավո՞ ր է սպասել, այս բոլոր՝ ՄՄ-ԵՄ «թոհուբոհերից» հետո:


-Հնարավոր համարում եմ, որովհետև նման բաներ տեսել ենք, բայց նպատակահարմար չեմ համարում: Փորձը ցույց է տալիս, որ երբ Երևանից լինում են ինչ-որ նախաձեռնություններ, մինչև վերջ, մանրամասնորեն մտածված չեն լինում: Ցավն այն է, որ 2015-ին ընդառաջ բոլոր քայլերը, որ արվում են Հայաստանի նկատմամբ՝ Թուրքիայի կողմից, մեկ նպատակ են հետապնդում՝ պարզապես բացառել բոլոր ճնշումները Թուրքիայի վրա, և մերոնք պիտի այդ խաղի մեջ չմտնեն, որովհետև դա հօգուտ մեզ հաստատ չի վերջանա:


-Կարո՞ղ եմ Ձեր ասածից ենթադրել, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող չկարգավորված մնալ, պետք է լուծում տալ, բայց միայն 2015-ից հետո:


-Կարելի է նաև 2015-ից առաջ էլ անել, բայց խնդիրն այն է, թե ինչի՞ հիման վրա: Վերջին մեկնաբանությունները, օրինակ՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի, որն ասում էր, որ Թուրքիան լավ կանի, որ վավերացնի ցյուրիխյան արձանագրությունները, հստակորեն ցույց են տալիս, որ այդ հիմքն է մեզ համար վնասել. այն Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավվելու խարիսխ է, որն անընդունելի է: Կարելի է մինչև 2015-ն էլ գնալ բարելավման, բայց ինձ համար բարելավում նշանակում է մեր շահերի պաշտպանություն և ոչ թե հրաժարում մեր շահերից: Կրկնում եմ, եթե խոսքը ցյուրիխյան արձանագրությունների մասին է, այնտեղ մեզ համար որևէ լավ բան չկա, քանի որ այդ արձանագրությունները, բացի հայկական արտադրողի համար մի քանի լրջագույն խնդիրներից, որևէ բանի չեն բերելու: Մանրամասների մեջ չընկնեմ, դրա մասին ժամանակին մի քանի տասնյակ հոդված եմ գրել:


-Ի՞նչ հայտարարություններ եք սպասում Երևան այցելող Դավութօղլուից:


-Իմ կարծիքով՝ Դավութօղլուն ուզում է թարմացնել Հայաստան-Թուրքիա՝ իբր գոյություն ունեցող երկխոսության պատրանքը, որովհետև թուրքերը ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը շատ հաջող օգտագործեցին շատ երկրներում՝ ցույց տալու այդ պատրանքը: Եվ հիմա մտածում են, որ ժամանակն է թարմացնելու, ի վերջո, 2009-ին է տեղի ունեցել, և գրեթե չորս տարի է անցել:


Կարծում եմ, որ հայտարարությունները կլինեն այն ոգով, ինչ-որ արվել են, իհարկե, շատ դիվանագիտական տերմիններով: Այսինքն՝ իրենց երեք հայտնի պահանջները կան, կլինեն (սահմանների ճանաչում, հրաժարում Ցեղասպանության հետապնդումից և ԼՂ հարցի լուծում՝ ըստ թուրքական տարբերակի), և բառացիորեն վերջերս էր՝ երկու շաբաթ առաջ, որ Թուրքիան վերահաստատեց իրենց դիրքորոշումը, ու այդպես էլ կմնա: Ու հիմա, երբ առաջին երկու կետով ստացել են իրենց ուզածը, պիտի փորձեն երրորդ կետով՝ Ղարաբաղի հարցում ուժեղացնեն, և ցավոք սրտի, ոնց որ թե մենք գնալով այդ հարցով սկսում ենք տեղի տալ,որովհետև արդեն Մաքսային միությանը անդամագրվելու մեր ցանկությունը նշանակում է, որ զրկվում ենք Արևմուտքի աջակցությունից: Իսկ Ռուսաստանն էլ առանձնապես երբևէ աջակցություն մեզ համար չի եղել և կրկին՝ իր համար հստակորեն ուրվագծել է, որ դա պետք է լինի իրենց հասկացությամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:


-Այսուհանդերձ, ի՞նչ եք կարծում՝ նախաձեռնությունը, եթե կա, որտեղից է գալիս՝ Հայաստա՞նից, Թու՞րքիայից, թե որևէ այլ երկրից կամ կառույցից: Սկսենք՝ հարցից նախ կա՞:


-Ուզում եմ հավատալ, որ նման նախաձեռնություն Հայաստանի կողմից չպետք է լինի, բայց բնական է՝ համաշխարհային ուժային կենտրոնները կարող են նման նախաձեռնություններ ցուցաբերել: Դա իրենց ձեռ է տալիս: Նույն Ռուսաստանի համար այսօր միանգամայն դա ձեռնտու տարբերակ է, որովհետև ինքը թուրքերի հետ բավականին լավ հարաբերություններ ունի և պիտի փորձի դրանք ավելի կայունացնել: Արևմուտքն էլ հարցին ուրիշ տեսանկյունից է նայում. հույս ուներ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումով Հայաստանին կտրել Ռուսաստանից, բայց այսօր ակնհայտ է, որ դա չի կարող լինել:
Ու այս ամենի արդյունքում մեզ համար վատն այն է, որ այսօր արդեն ոչ թե Հայաստանի հետ պետք է այդ հարցերը քննարկվեն, լուծվեն, այլ Մոսկվայի հետ, և կարծես թե Մոսկվայի հետ էլ այդ հարցերը լուծում են:


-Այսինքն՝ ակնարկում եք, որ նախաձեռնությունը գալիս է Մոսկվայից:


-Իմ կարծիքով՝ եթե նման նախաձեռնություն կա , միանշանակ մերը չէ, այո, ամենայն հավանականությամբ Ռուսաստանինն է: Հաստատ մերոնք ինքնուրույնաբար նման բան չէին անի:


-Քաղաքագետներից մեկը հայտարարել էր, որ Ղարաբաղի հարցի կարգավորված չլինելը Արևմուտքին երկու անգամ կանգնեցրել է փաստի առաջ, այսինքն՝ նրանք սկսել են հասկանալ, որ չլուծված լինելը ձախողել է հայ-թուրքական հարաբերությունների ձեռնարկը և Հայաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացումը:


-Ես այդպես չեմ մտածում, որ անգամ Ղարաբաղի հարցը կարգավորված լիներ, միևնույն է՝ Ռուսաստանը չպիտի հանդուրժեր, որ Հայաստանն ավելի սերտ հարաբերություններ ունենար ԵՄ-ի հետ, որովհետև դա Ռուսաստանին ձեռնտու չէ: Առհասարակ, Ռուսաստանին ձեռնտու չէ Հայաստանի ինքնիշխանության գոյությունը: Իրեն պետք է մի իրավիճակ, երբ ամեն ինչով Հայաստանը կախված լինի իրենից: Ռուսները շատ խելոք ձևի, հետևողականորեն հյուսեցին այդ որոգայթը, որի մեջ մենք այսօր հայտնվել ենք: Այսինքն, մերոնք ասում են՝ «դե մենք այլընտրանք չունենք», բայց այդ այլընտրանք չունենալն ինչի՞ հետևանք է՝ ռուսների խորամանկ քաղաքականության: Ու այստեղ Արևմուտքն այդքան չի տուժում, եթե մենք չենք ստորագրում Ասոցացման համաձայնագիրը: Մենք ենք տուժում, որովհետև Եվրամիության շուկան մեր համար էր բացվում, այլ ոչ թե ԵՄ-ի՝ համար Հայաստանի շուկան, որն ընդհանրապես շուկա չէ: 2,5 միլիոն աղքատ ժողովուրդ է, իսկ մեր համար բացվում էր 512 միլիոնանոց շուկա:


-Դուք երկար տարիներ եղել եք դիվանագետ և կարող ե՞ք ասել՝ արդյոք Դավութօղլուին կառաջարկվի՞ այցելել Ցեղասպանության հուշարձան: Առհասարակ, արարողակարգը այս առումով ի՞նչ է ենթադրում:


-Հայաստանի պետական արարողակարգը նախատեսում է այցելություն Ծիծեռնակաբերդ, և մենք, ըստ էության, բոլորին առաջարկել ենք գնալ: Իմ հիշողության մեջ երկու դեպք կա, որ մերժել են: Բայց այստեղ կա մի նրբություն. Դավութօղլուն ի վերջո գալիս է ոչ թե Հայաստան՝ երկկողմ հարաբերությունների շրջանակում, այսինքն՝ դա այցելություն չէ Հայաստան, նա գալիս է Սևծովյան տնտեսական համագործակցության նիստին մասնակցելու, որի անցկացման վայրը Երևանն է: Դրանք երկու տարբեր բաներ են, հետևաբար, Դավութօղլուն հանգիստ կարող է չշարժվել մեր արարողակարգով: Հետևաբար, Դավութօղլուն չի այցելի Ծիծեռնակաբերդ, բայց ինձ համար, ճիշտն ասած, դա էական էլ չէ: Եթե անգամ գնա Ծիծեռնակաբերդ և ներողություն խնդրի Ցեղասպանության համար, ինձ համար դա բավարար չէ, որովհետև ինձ համար հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հիմքը կարող է լինել այն, երբ սկսենք վերացնել Ցեղասպանության հետևանքները: Իսկ սոսկ ներողությունը հետևանքների վերացմանը ոչինչ չի տա:


-Իսկ հնարավոր համարու՞մ եք, որ այցելի, գուցե սա ռոմանտի՞զմ է, բայց...


- Ոչ, չի այցելի: Ուրիշ բան, որ կարող է փակ հանդիպումների ընթացքում մերոնց հետ քննարկվի, որ Թուրքիայի կողմից այց լինի, այցելի օրինակ՝ Էրդողանը կամ Գյուլը: Դա կարող է քննարկվել, բայց վստահ եմ, որ դրա գինը լինելու է Ղարաբաղի մի քանի շրջան զիջելը: Թուրքերը շատ հետաքրքիր դիվանագիտություն ունեն. այն, ինչ բանակցեցիր և տվեցիր, համարում են իրենցը և առաջ են շարժվում: Այսինքն՝ իրենց համար այսօր առաջնայինը Ղարաբաղի հարցն է, և այսօր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գինը թուրքերը դնելու են Ղարաբաղը:


- Ծանո՞թ եք այդ, այսպես կոչված՝ Ճանապարհային քարտեզին: Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը և ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջև։ Անհապաղ բացում է Հայաստան-Թուրքիա սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հայաստանի հետ։ Դրանից հետո ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կարողանում է հանդես գալ խաղաղարար ջանքերով և իրավունք է ստանում հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետքաշման և հասարակություններին խաղաղության պատրաստելու ոլորտներում։


-Իմ կանխատեսումը ճիշտ է, այսինքն՝ եթե գնա հայ-թուրքական հարաբերությունների բարելավում ՝ Ցեղասպանության ճանաչում և սահմանների բացում, դիմացը պետք է լինի Ղարաբաղը: