Կիևի քաղաքապետարանի շենքի մոտ բախումներ են գրանցվել «Բերկուտի» և ցուցարարների միջև

12:19 • 11.12.13

Ուկրաինայի ներքին զորքերը և «Բերկուտ» ջոկատն անցել են Կիևի քաղաքապետարանի շենքի ուժային ազատագրմանը, որը գրավել են ցուցարարները, գրում է «Взгляд» թերթը: Շենքի մոտ են ժամանել երեք ավտոբուսներ, որոնցից դուրս են եկել սաղավարտներով և զրահաբաճկոններով ուժայիններ և ներխուժել ներս:

 

Ավտոբուսներն արգելափակել են շենքի մուտքերը:

 

Միևնույն ժամանակ շենքում արգելափակված ընդդիմության աջակիցները բացել են երկրորդ հարկի պատուհանները և սկսել ներքին զորքերի աշխատակիցների և «Բերկուտի» ջոկատի վրա ջուր լցնել: Իրավապահները թաքնվում են ավտոբուսներում:

 

Կիևում այժմ օդի ջերմաստիճանը -8 աստիճան է:

 

Interfax-ի հաղորդմամբ՝ իրավապահները նստած են ավտոբուսներում, ինքնապաշտպանության ջոկատներն ամեն կերպ խոչընդոտում են նրանց առաջ շարժվելուն:

 

Դեռևս պարզ չէ, թե արդյոք ոստիկանության աշխատակիցները կարողացել են հասնել երկրորդ հարկ, որտեղ գտնվում են ընդդիմության կողմնակիցները, սակայն շենքի մուտքի մոտ բախումներ են սկսվել իրավապահների և Մայդանից այդտեղ հասած ցուցարարների միջև: