Էշթոնի հետ զրույցում Յանուկովիչը հաստատել է Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ցանկությունը
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաստատել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու իր մտադրությունը: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հայտարարությանը հղումով:
«Երկարատև քննարկման ընթացքում նախագահն ինձ վստահեցրել է, որ պատրաստ է երկխոսություն սկսել, ինչը և ես կոչ եմ անում նրան: Վերջինս նաև կրկին հայտնել է Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու իր ցանկության մասին»,- ընդգծել է Էշթոնը:
Բացի այդ, ԵՄ դիվանագիտության ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել` կապված անցյալ գիշեր տեղի ունեցած իրադարձությունների հետ` ընդգծելով, որ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը կարող է բարդացնել Ուկրաինայում տիրող ճգնաժամին քաղաքական լուծում տալու հարցը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էշթոնն այցելել է Անկախության մայդան, որտեղ նրան դիմավորել են ծափողջույններով:










