Ֆրանսիացու արտադրած կեղծ իմպլանտները տեղադրվել են 125.000 կնոջ օրգանիզմում
Մարսելի դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել Poly Implant Prothese ընկերության հիմնադիր, 74-ամյա Ժան-Կլոդ Մասին, ով մեղավոր է ճանաչվել հաճախորդներին խաբելու և խարդախության մեջ: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Sky News-ին:
Մասը նաև պետք է վճարի 75.000 եվրոյի տուգանք, նրան արգելվել է աշխատել կամ ղեկավարել բժշկական ընկերությունները: Պայմանական ազատազրկման են դատապարտվել ևս 4 հոգի:
Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ PIP-ի արտադրանքը պատրաստվում էր արդյունաբերական սիլիկոնից և կարող է քաղցկեղ առաջացնել: Բացի այդ՝ պրոթեզների շրջանակը ամուր չէր, ինչի արդյունքում այն կարող էր քանդվել, և սիլիկոնային գելը կարող էր հայտնվել օրգանիզմում:
Հետաքննության արդյունքում, որն սկսվել էր 2010 թվականին, պարզվել էր, որ անորակ իմպլանտները ներդրվել են 125.000 կնոջ օրգանիզմում: Առաջին հայցն ստացվել է Մեծ Բրիտանիայի բնակչուհուց. նա պահանջում էր փոխհատուցել վիրահատության ծախսերը և բարոյական վնասը: Դրանից հետո հայցեր են ստացվել աշխարհի տարբեր երկրներից:










