Ուրուգվայն ամբողջությամբ օրինականացրել է մարիխուանան

09:36 • 11.12.13

Ուրուգվայի Կոնգրեսը երկարատև քննարկումներից հետո, 16 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանության է արժանացրել մարիխուանայի աճեցումն ու վաճառքը թույլատրող օրինագիծը, հայտնում է Лента-ն՝ Reuters-ին հղումով։

 

Ըստ այդմ՝ երկրի քաղաքացիներին թույլատրվում է մարիխուանա օգտագործել, գնել ու աճեցնել ոչ առևտրային նպատակներով։ Բայց բույսի առևտրային նպատակով աճեցումը ևս հնարավոր է՝ միայն, եթե դա արվի կառավարության վերահսկողության ներքո։ 

 

Օրինական մարիխուանայի 1 գրամն Ուրուգվայում կարժենա 1 դոլար, ինչը փողոցային գներից ավելի ցածր է։ Ամեն ամիս յուրաքանչյուր չափահաս ուրուգվայցի կկարողանա գնել մինչև 40 գրամ մարիխուանա, որը վաճառվելու է դեղատներում։ Սակայն օրենքն արգելում է մարիխուանա վաճառել արտասահմանցիներին։

 

Ուրուգվայում մարիխուանայի օրինականացման գաղափարի հեղինակն է նախագահ Խոսե Մուխիկան։

 

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, Ուրուգվայը կդառնա աշխարհում առաջին պետությունը, որտեղ մարիխուանան ամբողջությամբ է օրինականացված։