Որևէ հաշվարկ չկա, թե ներկայում որքան են կազմում ջրային պաշարները Հայաստանում. բնապահպան
Հայաստանի ջրի ազգային պաշարները հաշվարկվել են 30 տարի առաջ, այսօր ոչ ոք չգիտի դրանց իրական չափը: Այս մասին Tert.am-ին ասաց բնապահպան Գալուստ Նանյանը և ընդգծեց, որ սա պետության բացն է, որը համապատասխան ատյանները բացատրում են ֆինանսների բացակայությամբ:
«Մենք էլ ենք հասկանում, որ գումարներ են անհրաժեշտ, բայց տարբեր ծրագրերի միջոցով ինչքա՞ն գումարներ են եկել ու գնացել: Այս վիճակի պատճառով կորցնում ենք Սև ջուր գետը, որը էկոհամակարգ ստեղծող գետ է և գյուղնշանակություն ունի: Սև ջրի ջրային ավազանը գոյանում է ստորգետնյա ջրերից: Փաստորեն՝ ստորգետնյա ջրային ռեսուրսներն անխնա օգտագործելու պատճառով այսօր գետը ցամաքելու վտանգի առաջ է»,-ասաց բնապահպանը:
Անդրադառնալով ձկնաբուծարաններին՝ Գալուստ Նանյանը նշեց, որ Արմավիրի մարզում, որտեղ հիմնականում տեղակայված են ձկնաբուծարանները, այսօր գրանցված է 240 ձկնաբուծարան, որոնք տարեկան օգտագործում են 800 մլն խմ ջուր:
«Ես չգիտեմ, թե որն է նորման, բայց կարող եմ որպես օրինակ նշել, որ Սևանից տարեկան բաց է թողնվում 170 մլն խմ ջուր: Դե՝ տեսեք տարբերությունը: Բայց կան նաև անօրինական գործող ձկնաբուծարաններ, որոնց թվի մասին մենք տեղեկություն չունենք, այդ հարցով պետք է զբաղվի բնապահպանության նախարարությունը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովում այսօր քննարկված՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխությանը, որը ենթադրում է ջրային պաշարների օգտագործման վարձավճարների բարձրացում, Գալուստ Նանյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ նույն ձկնաբուծարաններում ջրաչափեր տեղադրեցին, բայց դա որևէ օգուտ չտվեց:
«2008թ-ին ես մասնագետների հետ ուսումնասիրություն էի անում, որի արդյունքում պարզվեց, որ օրինակ՝ մի ձկնաբուծարանի դեպքում վայրկյանում 100 լիտր ջուր օգտագործելու լիցենզիա էր տրվել: Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ իրեն վայրկյանում պետք էր 27 լիտր ջուր, իսկ թե 73 լիտր ջուրը որտեղ էր կուտակվում, ինչ էր արվում՝ ոչ մեկի հայտնի չէր: Հաշվարկ չունեն, թե որ ձկնաբուծարանին իրականում որքան ջուր է պետք»,-ասաց նա և ընդգծեց, որ օրենքի փոփոխությունը վնասելու է միայն միջին խավին և օգուտ բերելու ոլորտի խոշոր ընկերություններին:
«Պաշտոնյա գործարարներին պատկանող ձկնաբուծարաններ այսօր էլ համապատասխան տեսչության աշխատողները չեն կարողանում մտնել, չեն կարողանա նաև՝ հետագայում»,-ասաց նա:
Գալուստ Նանայանը բարձրացրեց ևս մեկ խնդիր: Եթե Արարատյան դաշտավայրում ԽՍՀՄ տարիներին արտեզյան խմելու ջուր ունենալու համար հորատում էին 130-140 մետր, ապա այսօր՝ 150-200 մ:
«Արդյունքում՝ ջուրը բնակավայրերից փախավ: Եթե ժամանակին Ջրառատ գյուղում կար 80 աղբյուր, ապա այսօր 35 աղբյուր է մնացել, որոնցից հազիվ է ջուր գալիս: Բոլորը ցամաքել են»,-ասաց նա:










