Ակնհայտ երևում է, թե ինչպես են ատամներով իրենց շահը պահում ԱԺ-ում նստած մեծ ձեռնարկատերերը. Զարուհի Փոստանջյան

14:27 • 11.12.13

Աժ-ում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի բուռն քննարկումը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի համար ավելի քան պարզ է. տեղի է ունենում շահերի բախում, իսկ խորհրդարանում նստած մեծ ձեռնարկատերերը, ովքեր զբաղվում են ձկնաբուծությամբ, ատամներով իրենց շահն են պաշտպանում։


«Այստեղ տեղի է ունենում շահերի բախում։ Մեծ գործարարները, ովքեր ունեն լճեր, ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում, օրինակ՝ իմ թիկունքում նստած պարոն Աբրահամյանը, ով արտահերթ ելույթով հանդես եկավ ու փորձեց քննադատել օրենքի նախագիծը: Նա այստեղ ունի իր շահը՝ ակնհայտ է»,- ասաց նա։


Այնուհետև անդրադառնալով Լյովա Խաչատրյանի ներկայացրած օրենքի նախագծին, որը վերաբերվում էր ջրօգտագործման վարչական իրավախախտումներին (խախտում հայտնաբերելու դեպքում 300 հազար դրամ պետք է տուգանվեն), նշեց. «Ակնհայտ է նաև, որ փոքր ձեռնարկատերերը, ում շահերն էր ներկայացնում Լյովա Խաչատրյանը այստեղ էլ է ակնհայտ խտրական մոտեցումը: Ո՞վ չգիտի, որ ՀՀ-ն իրավական երկիր չէ, ու կարող են նրանք դուրս մնալ մրցակցությունից և մեծ տնտեսվարողներին մրցակցությանը դիմանալը հեշտ է, որովհետև նրանք կարող են 300.000 դրամը մուծել խախտումներ կատարելու դեպքում, իսկ փոքրերը, իհարկե, դուրս կմնան»:


Այնուհետև Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց կառավարության նման քայլի գնալու պատճառը՝ ասելով, որ  կառավարությունը չկարողանալով կազմակերպել իր աշխատանքը փորձում է այս միջոցով կարգավորել. պատժամիջոցներ կիրառել ու վերահսկել իրավիճակը:


«Պետք է վերացնել մենաշնորհները: Ես չեմ հավատում, որ սանկցիաները կլուծեն հարցը, որովհետև մեծերը կվճարեն, իսկ փոքրերը դուրս կմնան մրցակցությունից: Ակնհայտ երևում է, թե ինչպես են ատամներով իրենց շահը պահում խորհրդարանում նստած մեծ ձեռնարկատերերը: Պարոն Աբրահամյան, ես Ձեզ խորհուրդ կտայի, որ գոնե Դուք արտահերթ ելույթով հանդես չգայիք, ու չմատնեիք մեծ տնտեսվարող սուբյեկտների ախորժակը: Տգեղ երևույթ է, որ հասկանում ես հայոց խորհրդարանում այս պահին շահերի բախում է տեղի ունենում, ու ամեն մեկը ատամներով իր շահն է պաշտպանում: Ատամներով պաշտպանեք հասարակության շահը, ոչ թե ձեր անձնական շահերը»,- եզրափակեց նա։