ԱՄՆ-ն դադարեցրել է ոչ մահացու ռազմական օգնության տրամադրումը սիրիացի ընդդիմադիրներին

16:46 • 11.12.13

ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ դադարեցրել են ոչ մահացու ռազմական օգնության տրամադրումը Սիրիայի հյուսիսային հատվածում կռվող ընդդիմադիրներին, երբ «Իսլամական ճակատը» հարձակվել ու գրավել է թուրք-սիրիական սահմանին գտնվող Սիրիական ազատ բանակի Գերագույն ռազմական խորհրդի շտաբ-բնակարանն ու պահեստները։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, այս մասին տեղեկացրել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչը։

 

Ոչ մահացու ռազմական օգնություն ասելով՝ Միացյալ Նահանգներն ի նկատի ունի ռազմական սարքավորումները, փոխադրամիջոցները, կապի միջոցները և այլն, որոնք վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար։

 

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Միացյալ Նահանգները դադարեցրել է Սիրիայի հյուսիսային հատվածին ոչ մահացու ռազմական օգնության տրամադրումը»,-նշել է խոսնակը, ով միևնույն ժամանակ ընդգծել է, որ մարդասիրական օգնության մատակարարման գործընթացը շարունակվելու է։

 

Տարածաշրջանի վերլուծաբանները գտնում են, որ Սիրիայում պայքարող իսլամիստ ու մյուս ընդդիմադիր խմբերի միջև տեղի ունեցող բախումները հանգեցնում են նրան, որ ապստամբներն ավելի քիչ շանսեր են ունենում իշխող ռեժիմի դեմ հաղթանակ տանելու հարցում։