Գ. Ծառուկյանը` լոր ու կաքավ, Ի. Զաքարյանը` լավ որս. Հայ որսորդների ազգային դաշինքի նախագահը պաշտոնյաների որսից
Դեռ օգոստոսի 24-ից պաշտոնապես մեկնարկած որսաշրջանի ձմեռային ակտիվացման, հայ որսորդների խնդիրների, ինչպես նաև՝ որսի հանդեպ հայ պաշտոնյաների նախասիրությունների մասին Tert.am-ը զրուցեց «Հայ որսորդների ազգային դաշինք» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Գրիգորյանի հետ:
Վերջինս վկայեց, որ հայտնի քաղաքական գործիչներից որսով զբաղվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Մանուկ Թոփուզյանը և այլք. «Իշխան Զաքարյանը կարգին որսորդ է, ԱԺ նախագահն է շատ սիրահար, բայց նրանք շատ չեն գնում որսի, շատ ժամանակ չեն գտնում: Գագիկ Ծառուկյանը նույնպես ժամանակ առ ժամանակ գնում է որսի, լոր ու կաքավ է սիրում որսալ»:
Նրա խոսքով՝ առատ ձյան հետ ակտիվանում է հատկապես՝ կենդանիների որսը, թռչուններինը մի փոքր նվազում է:
Մեր զրուցակիցը նշեց, որ այսօր որսորդները շատ խնդիրներ չունեն. «Որսորդական պարագաները շատ են, գնորդներ չկան»:
Թե սովորական քաղաքացու համար ինչ է նշանակում որսորդ դառնալ ՝ Գրիգորի Գրիգորյանը բացատրեց. «Հասարակ քաղաքացու համար շատ բարդ գործ չէ, ընդամենը՝ պետք է մի քանի որսորդական կարևոր կանոնների հետևի և կարող է դառնալ որսորդ, իսկ զենք գնելու համար պետք է ոստիկանություն դիմել, մի քանի տեղեկանքներ ներկայացնել դատվածություն չունենալու և կրակել իմանալու մասին, պետք է իմանալ անվտանգության հիմնական կանոնները, ինչի ցանկը ներկայացվում է նրանց, մենք անգամ պարտադրում ենք ստորագրել, որ կարդացել են դա»:
ՀԿ նախագահի տեղեկացմամբ՝ միությունում գրանցված որսորդների թիվը 13 000-ին է մոտենում, կին որսորդներ էլ կան՝ 12-15 հոգի:










