Ժամանակին ժամանակ տանք և սպասենք պատեհ առիթի. Անրի Ռենոն ԵՄ-ի անունից նշեց՝ վիլնյուսյան բերքահավաքից դժգոհ չեն
ԵՄ-ն Վիլնյուսի Արևելյան գործընկերության շրջանակներում կայացած գագաթնաժողովի բերքահավաքից դժգոհ չէ. այսօր «Եվրամիությունը և տարածաշրջանը Վիլնյուսից հետո» թեմայով հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։ Միաժամանակ դեսպանը խուսափեց պատասխանել հարցին, թե ԵՄ-ն սեփական մեղքի բաժինը տեսնո՞ւմ է Ուկրաինայի և Հայաստանի ստորագրումից ու նախաստորագրումից հրաժարվելու հարցում։
«Չպետք է շեղվենք ի սկզբանե Արևելյան գործընկերության թե՛ խնդիրներից, թե՛ կանոններից։ Ես՝ որպես լավատես, նախընտրում եմ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ ձեռք ենք բերել, քան այն ամենի վրա, որն այսօրվա դրությամբ չունենք։ Բայց ձեռքբերումները շատ են և, երևի թե, ակտիվում գրանցված ձեռքբերումների վրա է, որ վաղվա օրը պետք է կերտենք և շինարարությանը ձեռնամուխ լինենք»,- ասաց նա և թվարկեց հաջողությունները. «Երկու երկիր նախաստորագրեց, Ադրբեջանի հետ վիզաների դյուրացման համաձայնագիր եղավ, ինչն ավելի վաղ եղել էր ՀՀ-ի հետ և Հայաստանի ու ԵՄ-ի միջև ընդունվեց համատեղ հայտարարություն՝ հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցություն»։
Դեսպանը չի կարծում, թե համագործակցության շրջանակներն էլ կլինեն ռուս-եվրոպական հարաբերությունների բախման առիթ, նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, թե չի պատրաստվում հեռանալ Կովկասից։
«Ինչու եք անպայման առճակատում, բախում տեսնում, ես բնականաբար մոտենում եմ հարցին այնպես, որ ՀՀ-ն մեկ ընտրություն կատարելով հետամուտ է լինելու համագործակցությանը։ Նման քաղաքական դրսևորումները միանգամայն համեմատելի են, ինչպես, օրինակ՝ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և գործընկեր է ՆԱՏՕ-ի հետ։ Այսինքն՝ իրավիճակը բավականին հստակ է ինձ համար։ ՀՀ նախագահը բնականաբար պաշտոնապես իր ցանկությունը հայտարարեց՝ դա ՄՄ-ն էր, միաժամանակ հայտարարության շարունակությունն էր արագացնել ՀՀ-ԵՄ իր համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- ասաց նա։
Դեսպանը հրաժարվեց խոսել Ուկրաինայում ծավալվող դեպքերից։ «Ես Ֆրանսիայի դեսպանն եմ Հայաստանում, ոչ թե Ուկրաինայում, և դա ինձ երջանիկ է դարձնում»,- ասաց նա, բայց հաստատեց, որ ամեն դեպքում իրադարձություններին հետևում է։
«Իհարկե հետևում եմ, բայց որքանով ես եմ իրազեկված, այդ գործընթացն առկախված է։ Եվ այսօր ընթանում են բավական հագեցած բանակցություններ, երկխոսություն՝ ԵՄ-ի և Ուկրաինայի իշխանության միջև։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի ակտիվությանն ու Հայաստանի պասիվությանը, զերծ կմնամ պատասխանել»,- ասաց նա։
Համագործակցության մասին այնքան շատ բան կա ասելու, ինչպես ասել է մեր նախագահներից մեկը՝ «Ժամանակին ժամանակ տանք, հետո տեսնենք, երբ պատեհ առիթ կլինի»»,- եզրափակեց նա։










