Թուրքիայի արտգործնախարարը Երևանում. նրան դիմավորեցին բողոքի ակցիայով (լուսանկարներ)

10:16 • 12.12.13

10.50

__________________________________

Ակցիային ներկա ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Մենք դեռ վերադառնալու ենք մեր հայրենիք և ապրելու ենք այնտեղ, իսկ մեր հայրենիքը զավթողները նահանջելու են»:

 

Նա ընդգծեց, որ Երևանում Դավութօղլուի բոլոր հետագա հայտարարություններն ապօրինի են և կրկին հնչեցրեց իրենց պահանջը՝ «գալու ենք և ապրելու ենք»: 

 

10.40

__________________________________

«Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ Դավութօղլուն մուտք է գործել հետնամուտքից: «Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը, նրանք միշտ պետք է հետնամուտքից մտնեն»,-հայտարարեց նա:

 

Ցուցարարները «Ամո՛թ, ամո՛թ» վանկարկումներով փորձում են առաջ գնալ, իսկ Ոստիկանությունը խոչընդոտում է նրանց առաջխաղացումը: Ակցիայի մասնակիցները Թուրքիայի դրոշի տեսքով թղթեր են նետում «Մարիոթ» հյուրանոցի դիմաց: 

 

10.16

__________________________________

Հանրապետության Հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջև են հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ իրենց բողոքը հայտնելու Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Հայաստան կատարած այցի դեմ:

 

Ակցիայի նախաձեռնողներն են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» և «Ժառանգություն» կուսակցությունների երիտթևերը: Մասնակիցների ձեռքին են «Ո՛չ նախապայմաններին», «Դատապարտու՛մ, Ճանաչու՛մ, հատուցու՛մ» կարգախոսներով պաստառներ. նրանք երգում են ազգային ազատագրական երգեր:

 

Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունները պետք է ժամ առաջ գիտակցեն, որ պիտի ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը: Նա ընդգծեց, որ Թուրքիայի իշխանությունները Ցեղասպանության ճանաչման և հատուցման խնդիրները թողնում են հետագա սերունդներին: «Բայց մեր սերունդը վճռական է և Թուրքիայի իշխանություններից, ժողովրդից ու սերնդակիցներից պահանջում է հատուցում: Թուրքիան բռնազավթել է մեր տարածքները»,- ասաց նա: 

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
Հիշեցնենք, որ այսօր Երևանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվում է Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների (ՍԾՏՀ) արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը, որի ընթացքում կամփոփվեն կազմակերպությունում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները:

 

Նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել կազմակերպության անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները և ՍԾՏՀ Գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը: Նախարարական հանդիպմանը ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բուլղարիային: Այս մասին հաղորդել են Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:

 

Արտգործնախարարների մակարդակով մասնակցում են Բուլղարիան և Թուրքիան, մյուս երկրները ներկայացված են փոխարտգործնախարարների մակարդակով, իսկ Ադրբեջանը կներկայացնի այդ երկրի արտաքին գործերի նախարարության տնտեսական բաժնի վարիչը:
 


Հիշեցնենք, որ Թուրքիան Հայաստանում արտաքին գործերի նախարարի մակարդակով լինում է երկրորդ անգամ. այս երկրի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը մոտ չորս տարի առաջ մասնակցեց ՍՏԾՀ նիստին:

 

Արդեն հայտնի է, որ Թուրքիայի արտգործնախարարին Երևանում կդիմավորեն բողոքի ակցիաներով, որոնք կազմակերպվելու են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, «Հայազն» կուսակցության և այլ հասարակական ակտիվիստների կողմից: Ակցիան կանցկացվի՝ «Ճանաչում, հատուցում, ուրացողը տեղ չունի Հայաստանում» հիմնական կարգախոսով :
 


Թուրքիայի արտգործնախարարի այցը բավական անսպասելի էր, և դրա հիմնական ինտրիգը Դավութօղլուի այցի նախօրեին ՀՀ արտգործնախարարության իրազեկ աղբյուրների հաղորդումն էր «Առավոտ» օրաթերթին, ըստ որի՝ Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով 10 օր առաջ փոխանցվել է անձամբ Ահմեթ Դավութօղլուին։
 


Ըստ այդ աղբյուրի՝ ճանապարհային քարտեզը երեք կոնկրետ հանգրվանի մասին է.

 

1.Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը և ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջև։

 

2.Անհապաղ բացում է Հայաստան-Թուրքիա սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հայաստանի հետ։

 

3.Դրանից հետո ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կարողանում է հանդես գալ խաղաղարար ջանքերով և իրավունք է ստանում հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետքաշման և հասարակություններին խաղաղության պատրաստման ոլորտներում։



«Մոդուս վիվենդի» (Modus Vivendi) կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, ով հնարավոր էր համարել, որ նման նախաձեռնություն կարող է լինել Երևանից, հավելել էր. «ուզում եմ հավատալ, որ նման նախաձեռնություն Հայաստանի կողմից չպետք է լինի, բայց բնական է՝ համաշխարհային ուժային կենտրոնները կարող են նման նախաձեռնություններ ցուցաբերել: Դա իրենց ձեռ է տալիս: Նույն Ռուսաստանի համար այսօր միանգամայն դա ձեռնտու տարբերակ է»:
 


Ինչպես երեկ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը թուրքական լրատվամիջոցների կողմից բարձրացված «աժիոտաժում»՝ կապված Դավութօղլուի՝ Հայաստան այցելության հետ, երևում են թաքնված նպատակներ, որոնցից ամենագլխավորն այն է, որ Դավութօղլուն Հայաստան է գալիս «նախապայմաններով զինված», և գլխավոր նախապայմանն այն է, որ եթե հայկական կողմը զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղի հարակից ամենաքիչը երկու շրջանից, ապա թուրքական կողմը պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը»:

 

Մինչդեռ նրա խոսքով՝ Հայաստանի հետ սահմանի բացումը երբեք չի եղել Թուրքիայի արտգործնախարարության համար առանցքային հարց, և դրա լավագույն վկայությունն այս երկրի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի այն հայտարարությունն է, որ մի «քանի գրոշ առևտրի համար չեն պատրաստվում բացել հայ-թուրքական սահմանը»:

 

Քանի որ այս այցը հետևում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցին, ինչպես նաև Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հայտարարությանը, որ ռուսական կողմը նույնիսկ ռազմական ճանապարհով պատրաստ է պաշտպանել իր շահերի գոտին, ապա Մուշեղ Խուդավերդյանի կարծիքով՝ Թուրքիան հասկանալով, որ շատ քիչ շանսեր ունի Հարավային Կովկասում առկա այն գործընթացներում, որտեղ ռուսական կողմը կենսական շահեր ունի, ներքին լսարանից թաքցնում է այս անհաջողությունը, հրապարակայնորեն փորձում է նախապայմաններով գալ Հայաստան:
 


Tert.am-ի հետ զրույցում նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ այսօրվա միջոցառման օրակարգի մասին լրացուցիչ կհայտնեն:

 

Հիշեցնենք նաև, որ ՀՀ նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում պլանավորված չէ և տեղի չի ունենալու, ինչի մասին Twitter-ի իր հաշվում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։