Չնայած առկա տարաձայնություններին՝ ավելի հաճախ հանդիպելը կարևոր է. Դավութօղլուն Նալբանդյանի հետ հանդիպումը «ջերմ» է որակել
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո թուրք լրագրողների համար նախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ հայ գործընկերոջ հետ առանձնազրույցը ջերմ և անկեղծ մթնոլորտում է ընթացել. տեղեկացնում է CNNTurk հեռուստաընկերությունը:
Նա հիշեցրել է, որ Երևան է ժամանել վերջին այցից չորս տարի անց, և ընդգծել է այցի կարևորությունը՝ նաև այդ կտրվածքով:
Թուրքիայի արտգործնախարարը նման հանդիպումներ ավելի հաճախ կազմակերպելու «մեսիջ» է հղել, սակայն չի նշել՝ արդյոք հետագա հանդիպումների համար համաձայնություն կայացվե՞լ է, թե ոչ:
«Կան հարցեր, որոնց շուրջ տարաձայութուններ ունենք, բայց կարևորը, չնայած միմյանց տեսակետներն իմանալուն, ավելի հաճախ հանդիպումներ ունենալն է»,-ասել է նա:
«Թուրքիան և Հայաստանը հարևաններ են և կցանկանայինք, որ հարաբերությունները բարձր մակարդակի լինեն և կողմերը բարեկամական հարաբերություններ հաստատեն»,-ասել է նա:
Թուրքիայի արտգործնախարարը կարևորել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը և նշել, թե կցանկանան, որ Հայաստանը ևս մաս դառնա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա համագործակցությանը:
Դավութօղլուն հերքել է իր Երևան այցից առաջ թուրքական մամուլում եղած հրապարակումները, թե Թուրքիան Հայաստանին առաջարկելու է դուրս գալ Լեռնային Ղարաբաղի երկու շրջաններից՝ Թուրքիայի հետ սահմանը վերաբացելու դիմաց:










