Իսպանիայում բասկերի ԷՏԱ խմբավորման երեք ահաբեկիչ դատապարտվել է մոտ 4.000-ական տարվա ազատազրկման

11:00 • 12.12.13

Իսպանիայի Գերագույն դատարանը բասկերի ԷՏԱ ահաբեկչական խմբավորման երեք անդամի ազատազրկման է դատապարտել վերջին տարիների համար ռեկորդային ժամկետով:

 

Դանիել Պաստոր Ալոնսոն, Ինյիգո Սապիրաին Ռոմանոն և Բեատրիս Էտչեբարիա Կաբալյերոն, դատավճռի համաձայն, ստացել են յուրաքանչյուրը 3.860 տարվա ազատազրկում, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով El País թերթին: Սակայն 2003 թվականի Քրեական օրենսգրքի համաձայն՝ Իսպանիայում ազատազրկման առավելագույն ժամկետը 40 տարի է:

 

Խմբավորման անդամները 2009 թվականին մասնակցել են երկրի հյուսիսային Բուրգոս քաղաքում Քաղաքացիական գվարդիայի զորամասի մոտ ահաբեկչության կազմակերպմանը: 700 կիլոգրամ պայթուցիկ նյութով լի ավտոմեքենայի պայթյունի հետևանքով այդ ժամանակ ոչ ոք չի մահացել, 160 մարդ, այդ թվում՝ 41 երեխա, ստացել են թեթև վնասվածքներ:

 

Չորեքշաբթի երեկոյան դատարանն ահաբեկիչներին դատապարտել է 24 տարվա ազատազրկման՝ յուրաքանչյուր վիրավորի, ինչպես նաև 20 տարվա ազատազրկման՝ հասցված նյութական վնասի համար:

 

Բասկերի ԷՏԱ ահաբեկչական խմբավորումը հիմնվել է 1959 թվականին: Այն հանդես է գալիս տարածաշրջանի անկախության համար, որը ներառում է Իսպանիայի հյուսիսում և Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հողատարածքներ: