Մենք ո´չ թե Դավութօղլուի դեմ պետք է պայքարենք, այլ՝ հանուն մեր ազգային շահերի. Տիգրան Խզմալյան

22:18 • 12.12.13

Մենք ո´չ թե Դավութօղլուի դեմ պետք է պայքար մղենք, ով իր երկրի շահերն է պաշտպանում, այլ՝ մեր ազգային շահերի համար, իսկ այդ շահերի գլխավոր տապալողը ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Նախախորհրդարանի նախագահության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի առթիվ Երևանում անցկացված բողոքի ցույցը:

 

«Մենք համակրում ենք երիտասարդ դաշնակների պոռթկումը և ցանկությունը՝ ևս մեկ անգամ այրել թուրքական դրոշներ, ևս մեկ անգամ ապտակ հասցնել Թուրքիայի արտգործնախարարին, սակայն դա մի քիչ նման է այն դրվագին, երբ դավաճանական ցյուրիխյան կամ ֆուտբոլային դիվանագիտության գործընթացի ժամանակ նրանք պահանջում էին արտգործնախարարի հրաժարականը՝ մոռանալով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը թելադրում է ո´չ թե Հայաստանի արտգործնախարարը, առավել ևս՝ ո´չ Թուրքիայի արտգործնախարարը, այլ՝ ՀՀ Նախագահը»,-ասաց նա:

 

Դիտարկմանը, թե՝ ցուցարարները պահանջել են ցեղասպանության ճանաչում և հատուցում. արդյո՞ք դա առիթ չէր բողոքող խմբերի միավորման համար, Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Ես ողորմելի եմ համարում Ցեղասպանության ճանաչում պահանջելու օրակարգը, մենք այն երկիրն ենք, որ հիմա ցեղասպանություն ենք ապրում մեր իսկ կառավարության ձեռքով, իսկ այդ պայմաններում ճանաչում պահանջել դահիճից՝ մեղմ ասած՝ միամտություն է»:

 

Նրա խոսքով՝ իրենք պահանջում են, որ Սերժ Սարգսյանն ընդունի, որ կեղծել է ընտրությունները, իսկ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի գործն է: «Եթե ընդունի, դա մեր համար չէ, դա ցույց կտա միայն իրենց երկրի քաղաքական և քաղաքակրթական հասունացումը: Մերժել, ժխտել Ցեղասպանությունը՝ Թուրքիայի խնդիրն է, մենք ինքներս պետք է ստեղծենք այն իրավիճակը, որ իրենք հաշվի նստեն մեր երկրի հետ, այլ ոչ՝ հարյուր տարվա մեր պատմության հետ»,-ասաց Տիգրան Խզմալյանը և շեշտեց. «Եթե մենք մինչ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը չշտկենք իրավիճակը և չվերացնենք հացագործությունը, որն իշխում է մեր երկրում, նշանակում է, որ Ցեղասպանությունը հասել է իր նպատակին»:

 

Նա նաև ավելորդ համարեց մեկնաբանել իշխանական շրջանակներից արտահայտած տեսակետը, թե որոշ հասարակական-քաղաքական խմբեր դուրս են գալիս բողոքի շահադիտական նպատակներով և եկամուտ են հետապնդում. «Չգիտեմ՝ ում և ինչ եկամուտների մասին է խոսքը: Մենք դուրս ենք գալիս շատ պարզ նպատակներով՝ մենք համակարգ փոխելու խնդիր ենք դրել, համախմբվում ենք այդ նպատակով»: