«Մերկ» Կառլա Բրունին «խաբել» է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներին
Շատերը կարող են կարծել, որ բարձրաստիճան պաշտոնյաները կարևոր գագաթնաժողովների ու բանակցությունների ժամանակ չափազանց զբաղված են ու ժամանակ չունեն համացանցում մերկ կանանց լուսանկարներ դիտելու համար։
Սակայն պարզվում է, որ Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, գեղեցկուհի մոդել Կառլա Բրունիին մերկ տեսնելու գայթակղությունը չափազանց մեծ է եղել որոշ եվրոպացի դիվանագետների (անունները չեն նշվում) համար 2011թ. Փարիզում կայացած G20 հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է The Local-ը, չին հաքերները կոտրել են մի քանի եվրոպացի դիվանագետների համակարգիչները ՝ նրանց կեղծ էլեկտրոնային նամակներ ուղարկելով, որոնցում իբր Բրունիի մերկ լուսանկարներն են։
Սկանդալային տեղեկությունը հրապարակել է կիբերանվտանգության հարցերով զբաղվող ամերիկյան FireEye ընկերությունը, որը պարզել է, որ «Ֆրանսիայի առաջին տիկնոջ մերկ լուսանկարները» վերնագրով նամակներն ուղարկվել են G20-ի որոշ երկրների արտգործնախարարների։
Ըստ New York Times-ի տվյալների՝ Բրունիին ողջ գեղեցկությամբ տեսնելու գայթակղությանը չեն դիմակայել ու չին հաքերների խայծն են «կուլ տվել» Չեխիայի, Պորտուգալիայի, Բուլղարիայի, Լատվիայի ու Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաները։
Սակայն, երբ նրանք բացել են ուղարկված նամակները, պարզվել է, որ դրանցում վիրուս կա, որը հնարավորություն է տվել չինացիներին մատչում ստանալ դեպի համակարգիչներում պահվող գաղտնի տեղեկությունները։










