Պուտինն առաջարկել է ներգաղթյալներին աշխատանքի ընդունել արտոնագրային համակարգի հիման վրա
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունել արտոնագրային համակարգի հիման վրա, ինչպես նաև 3-10 տարի ժամկետով արգելել կացության օրենքները խախտած ներգաղթյալներին մուտք գործել երկիր, գրում է Взгляд-ը:
Նա նշել է, որ հարկավոր է խստացնել վերահսկողությունն օտարերկրացիների՝ երկիր մուտք գործելու նպատակների առնչությամբ: Պետությունը պետք է իմանա՝ ինչի համար և որքան ժամանակով է օտարերկրացին գալիս Ռուսաստան, ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հանձնարարել է նաև կարգավորել առանց վիզայի Ռուսաստան ժամանած օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու կարգը: Մասնավորապես, նա առաջարկել է «փոխել գործող արտոնագրային համակարգը»:
«Այժմ օտարերկրացի աշխատողը պետք է արտոնագիր ձեռք բերի, եթե աշխատում է ֆիզիկական անձի մոտ: Առաջարկում եմ, որ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը նույնպես օտարերկրացի աշխատակցի աշխատանքի ընդունելու հնարավորություն ունենան՝ արտոնագրի հիման վրա»,- ասել է Պուտինը:
«Արտոնագրերի համակարգը պետք է տարբերակված լինի, խթանի Ռուսաստան առաջին հերթին պրոֆեսիոնալ, կրթված, ռուսաց լեզու իմացող, մեր մշակույթին մոտ մասնագետների հոսքը»,- կարծում է Պուտինը:










