Պուտինն Ուկրաինայի մասին. «Մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրում»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին դիմելու ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Ուկրաինայի հետ, որը Մաքսային միությունում որպես դիտորդ հանդես գալու ցանկություն է հայտնել, գրում է Взгляд-ը:
Պուտինը հիշեցրել է, որ դեռևս Կիևում բողոքի զանգվածային ակցիաներից առաջ Ուկրաինան ցանկություն էր հայտնել դիտորդի կարգավիճակում մասնակցել Մաքսային միության բոլոր հանդիպումներին, «ավելի վաղ բազմիցս հայտարարել Մաքսային միության առանձին համաձայնագրերի միանալու իր հետաքրքրվածության մասին»:
«Մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրում, սակայն եթե մեր ընկերների մոտ ցանկություն կա համատեղ աշխատանքի, մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը փորձագիտական մակարդակով»,- ասել է Պուտինը՝ վստահություն հայտնելով, որ եվրասիական ինտեգրման իրական ձեռքբերումները «միայն կբարձրացնեն դրա նկատմամբ հետաքրքրությունը»:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի հետ համագործակցությունը «հիմնված է իրավահավասարության և իրական տնտեսական շահի վրա»:
«Մենք հետևողականորեն առաջ ենք տանելու եվրասիական գործընթացը՝ չհակադրելով այն այլ ինտեգրման նախագծերի, այդ թվում, իհարկե, այնպիսի հասուն ինտեգրման նախագծի, ինչպիսին եվրոպականն է»,- հայտարարել է Պուտինը:
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը եվրոպացի գործընկերների հետ նոր բազային համաձայնագիր պատրաստելու ուղղությամբ: Պուտինը նաև հուսով է, որ Ուկրաինայում քաղաքական ուժերը կկարողանան ճգնաժամից դուրս գալու ճանապարհ գտնել:










