«Դավութօղլուին Երևանում՝ սառը ցնցուղ». թուրքական մամուլն արձագանքել է բողոքի ակցիային

14:21 • 12.12.13

Թուրքական մամուլը շատ օպերատիվ է արձագանքել Հայաստանում՝ Թուրքիայի արտգործնախարար Աhմեթ Դավութօղլուի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիային, և րոպեներ անց առաջատար հեռուստատեսություններն ու կայքերն անդրադարձել են դրան՝ «Դավութօղլուին Երևանում՝ սառը ցնցուղ» արտահայտությամբ։


Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Խոսելով կազմակերպված ակցիայի մասին, նա ընդհանուր առմամբ դրական գնահատեց ակցիան՝ ասելով, որ Թուրքիայի վարած մերժողական քաղաքականության նկատմամբ պահանջատեր է մեր ամբողջ հասարակությունը, և մեր քաղաքական իշխանությունները պետք է հիմնվեն հենց հասարակական տրամադրությունների վրա:


«Կարծում եմ, որ եթե այդ ակցիաները մնան որոշակի քաղաքավարության սահմաններում, շատ ավելի լավ կլինեն»,- նշեց Ռ. Մելքոնյանը:


Ըստ Ռուբեն Մելքոնյանի, Դավութօղլուի այցը որևէ կերպ չի ազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա. «Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում փոփոխությունները դժվար է կապել անձերի այցելությունների հետ՝ թեկուզ դա լինի արտգործնախարար: Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություններ առավելապես կարող են լինել տարածաշրջանային իրավիճակների զարգացումների համատեքստում»:


Ռուբեն Մելքոնյանը հակված է այն կարծիքին, որ Դավութօղլուի այցը առավելապես կմնա քարոզչական ոլորտում՝ ինչպես թուրքական կողմի, այնպես էլ՝ հայկական:


«Թուրքական կողմը կփորձի այս այցը ներկայացնել որպես իր տոլեռանտության մի նշան, և հետագայում իր հռետորաբանության մեջ կնշի, որ ցանկանում է բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ հաստատել, և որպես դրա առհավատչյա կնշի նաև այս հանդիպումը»,-վերջում ասաց Ռուբեն Մելքոնյանը: