2014թ. պետբյուջեն ընդունվեց՝ 70 կողմ, 40 դեմ, 1 ձեռնպահ. Անցնում ենք ավելի արդար համակարգի. վարչապետը՝ «կուտակայինի» մասին

13:00 • 12.12.13

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընդունվեց 2014թ. պետական բյուջեն` 70 կողմ, 40 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Պետբյուջեի նախագծի քվեարկությունից առաջ եզրափակիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


«Հայաստանը տասը տարի նախապատրաստվել է կուտակային կենսաթոշակային համակարգին. դրա վրա աշխատել են երկու նախագահներ, երեք վարչապետներ, չորս կոալիցիոն կուսակցություններ, տասնյակ տնտեսագետներ, միջազգային կազմակերպություններ, տեղի են ունեցել բազմաթիվ ֆորմատներով քննարկումներ»,-հայտարարեց վարչապետը՝ ըստ էության ակնարկելով, որ քաղաքական ուժերից երկուսը, որոնք այսօր խիստ քննադատում են այս համակարգին անցումը, ժամանակին դեմ չեն եղել` լինելով կոալիցիայի անդամ:

 

Հիշեցնենք, որ երեկ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ խմբակցությունները նախագիծը անվանեցին թալանի բյուջե, իսկ Զարուհի Փոստանջյանը կառավարությանը անվանեց գարշահոտ կենդանիներ:

 

Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ 2009թ. քննարկումների ժամանակ որոշվեց կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենքում անցումային դրույթներ սահմանել և պարտադիր նորմը ուժի մեջ մտցնել 2014 թ. հունվարի մեկից:

 

«Ուզում եմ շեշտել, որ սա ամենաբարդագույն բարեփոխումն է ողջ մեր անկախության տարիներին, և դա առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու: Այսօր ՀՀ-ում ունենք 510.000 թոշակառու , և պետական բյուջեից 242 մլրդ դրամ թոշակներ են նախատեսված, միջին թոշակի` 15% բարձրացումով ` 31.000 դրամից հասցնելով մոտ 36.000 հազարի»,- ասաց Տիգրան Սարգսյանը:


Նա ընդգծեց, որ կառավարությունը քաջ գիտակցում է, որ սա բավարար չէ արժանապատիվ ծերություն ապահովելու համար՝ նշելով, որ 240 մլրդ դրամ կպահանջվի այս խնդիրը լուծելու համար, և այդ բեռը իրենք չեն կարող դնել պետական բյուջեի վրա:


«Այսուհետ ծերացող բնակչության համար պատասխանատու է ոչ միայն պետությունը, այլև աշխատող քաղաքացին, և սա մեր ռեֆորմի բովանադակությունն է»,-ասաց նա:

 

Վարչապետն ընդգծեց, որ այսօր հանրապետությունում ընդամենը մոտ 500.000 քաղաքացի է վճարում եկամտային հարկ, և որ ՀՀ-ում գործում է սերունդների համերաշխության սկզբունքը:

 

«Այս պայմաններում կամ պետք է շեշտակիորեն ավելացնել սոցիալական հարկերը կամ թոշակները բաշխել հավասար, ինչը արդար սկզբունք չէ»,-ասաց նա: Հայաստանը, ըստ վարչապետի, ունի ծերացող բնակչություն, և իրավիճակն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ 60 տարեկան և ավելի բարձր բնակչությանը եկող տարվանից կգան համալրելու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնվածների սերունդը:

 

«Հայաստանում բարձր է ավագ սերնդի ՀՀ քաղաքացիների թիվը և կառավարությունը պարտավոր է գտնել լուծում»,-ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ սա բնորոշ չէ միայն Հայաստանին, սա 21-րդ դարի կարևորագույն մարտահրավերներից մեկն է:


«Համոզված ենք, որ այն բարեփոխումը, որ ներկայացվում է, այլընտրանք չունի, և մենք անցնում ենք ավելի արդար համակարգի»,-ասաց Տիգրան Սարգսյանը և ավելացրեց, որ այս համակարգը հաշվի է առնելու աշխատող քաղաքացու անձնական վաստակը:

 

Վարչապետը հավելեց, որ քաջ գիտակցում են, որ կա մի հատված, որը դժգոհում է այս համակարգից, քանի որ ցանկացած ռեֆորմ ենթադրում է վարքագծային կանոնների փոփոխություն:

 

«Կհանդիպենք Սահմանադրական դատարանում»,-նրա ելույթից հետո հայտարարեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 

Ի դեպ, ինչպես ավելի ուշ տեղեկացրել է «Zham.am»-ը, «ձեռնպահ» քվեարկած պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն ասել է, որ սխալմամբ է նման կերպ քվեարկել, որից անմիջապես հետո քարտուղարությունում արդյունքը փոխել է: