Լրատվական կազմակերպությունները խնդրում են դադարեցնել լրագրողների առևանգումը Սիրիայում
BBC-ն և ևս 12 խոշոր համաշխարհային լրատվական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Սիրիայի ապստամբ խմբավորումներին՝ կոչ անելով դադարեցնել լրագրողների առևանգումը և ազատել նրանց, ովքեր գտնվում են գերության մեջ:
Նամակում, որը ստորագրել են այնպիսի հեղինակավոր թերթերի ղեկավարներ, ինչպիսին են Economist-ը, New York Times-ը և El Mundo-ն, ասվում է, որ իրենց աշխատակիցների անվտանգության առնչությամբ մտավախությունները վտանգի տակ են դնում սիրիական հակամարտության լուսաբանումը, գրում է BBC-ն:
Նամակն ուղարկվել է Սիրիայի հիմնական ընդդիմադիր ուժին՝ Սիրիական ազատ բանակին, ինչպես նաև ավելի փոքր խմբերի, այդ թվում՝ «Իսլամական ճակատ»-ին: Սիրիական ազատ բանակի քաղաքական թևի ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում են, որ իրենց պարտքն են համարում պաշտպանել լրագրողներին և հասնել նրանց ազատ արձակմանը:
Ներկայում Սիրիայում գերության մեջ է գտնվում մոտ 30 լրագրող, այդ թվում՝ օտար երկրների քաղաքացիներ:










