Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելուց առաջ պետք է կրկին քննարկել հարցը. Հանրային խորհուրդը դիմել է Նախագահին
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելուց առաջ արժի ևս մեկ անգամ քննարկել հարցը և կատարել բոլոր հնարավոր փոփոխությունները: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ ընդգծելով, որ հենց այդ պատճառով է, որ երեկ դիմել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրա Սարգսյանին ՝ մինչև հունվարի 1-ը Ազգային ժողովում արտահերթ նիստ գումարելու և «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցով:
«Մեր կարծիքը հետևյալն է. պետք է որոշակի փոփոխություններ կատարվեն օրենքում, որպեսզի այն ավելի ընդունելի լինի այն շերտի համար, որի ապագա բարեկեցության համար էլ նախատեսված է»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Հանրային խորհրդի կայքում կտեղադրվեն իրենց կողմից առաջարկվող բոլոր փոփոխությունները, բայց միաժամանակ՝ նշեց, որ կարևորը ո´չ թե դա է, այլ՝ այն, որ վերջնականապես այդ համակարգին անցնելուց առաջ արժի ևս մեկ անգամ քննարկել հարցը, հասկանալ՝ եթե հնարավոր է փոփոխություններ կատարել, ապա՝ կատարել»,-ասաց նա:
Հարցին, թե՝ վստա՞հ են, որ ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, Վազգեն Մանուկյանը նախ՝ նշեց, որ եթե հույս չունենային, չէին դիմի, հետո ավելացրեց.
«Բայց մենք հասկանում ենք, որ դա նաև՝ մեր պարտականությունն է: Հանրային խորհուրդը պետք է արձագանքի հասարակության պահանջներին և հարցերին լուծումներ տա: Մեր լուծումը արտահերթ նիստն է, իսկ մինչ այդ՝ լսումներ ու քննարկումներ անցկացնելը: Ինձ թվում է, որ ժամանակը հերիքում է մինչև հունվարի 1-ը, քանի որ խոսքն ամբողջ մոդելի փոփոխության մասին չէ, այլ՝ այնպիսի ուղիների, որոնք ընդունելի կլինեն»,-եզրափակեց նա:










