Փարիզում Բակո Սահակյանը մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին

09:40 • 13.12.13

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին:

 

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ այդ իրադարձությունը պատմական է Արցախի համար՝ հավելելով, որ Մոնսերատ Կաբալյեն շարունակում է պատմական քրիստոնյա քարոզիչների առաքելությունը՝ բարձր արվեստի միջոցով ոչ միայն Արցախն աշխարհին ներկայացնելով, այլև յուրօրինակ կոչ հղելով մարդկությանը՝ պահպանելու քրիստոնեական արժեքները:

 

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել աշխարհահռչակ երգչուհուն և բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նախագծի իրականացմանը՝ ընդգծելով, որ դա անկեղծ բարեկամության լավագույն դրսևորումներից է:

 

Միջոցառմանը մասնակցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Շվեյցարիայում և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ Շարլ Ազնավուրն ու Վիգեն Չիթեչյանը, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ անդամներ, ԼՂՀ և ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ ազգային բարերարներ, ներկայացուցիչներ Սփյուռքից: