Գրող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունն օրհասական է. մշակույթի նախարարությունը քայլեր է ձեռնարկում

16:14 • 13.12.13

Գերմանիայում կյանքի սահմանագծին մաքառող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունը օրհասական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ծաղկաձորի Գրողների տան տնօրեն Մովսես Մանուկյանը, ավելացնելով. «Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է»:

 

Մովսես Մանուկյանն իր գրառման մեջ նաև նշել է, թե տեղեկության նպատակը իրավիճակի մասին պատկան մարմիններին իրազեկելն է: «Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի»,-գրել է Մովսես Մանուկյանը:

 

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե մինչ լրագրողների ահազանգելը, նախարարությունն արդեն տեղյակ է եղել խնդրի մասին և փորձում է քայլեր ձեռնարկել, ջանքեր է ներդնում, որպեսզի ինչ-որ ձևով կարողանա օգտակար լինել, աջակցել Լևոն Խեչոյանին:

 

Հարցին, թե ստույգ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, Ալլա Սերաբյանը պատասխանեց. «Ընթացքի մեջ է, քննարկում են տարբերակներ»: