Յանուկովիչը համաներում է առաջարկել Մայդանի ձերբակալված մասնակիցների համար

17:47 • 13.12.13

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկել է համաներում շնորհել Կիևում զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածներին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Украинская правда»-ին:

«Իմ տեսակետն այն է, որ մենք պետք է շրջենք այդ էջը, համաներում հայտարարենք»,- ասել է նա:

 

Համապատասխան հայտարարությունը Յանուկովիչն արել է ուսանողության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նա նաև նշել է, որ այդ հարցը կբարձրացնի «Միավորենք Ուկրաինան» կլոր սեղանի ժամանակ, որը պետք է անցկացվի այսօր՝ դեկտեմբերի 13-ին:

 

Նախագահի հետ կլոր սեղանին պատրաստվում են մասնակցել նաև ընդդիմության առաջնորդները, սակայն, УНИАН-ի տեղեկություններով, միջոցառման սկզբին նրանք չեն ժամանել:

 

Ընդդիմությունում, միևնույն ժամանակ, պնդում են, որ իշխանությունները, չնայած խաղաղասեր հայտարարություններին, մտադիր են ցրել «Եվրամայդանը»: Բացի այդ, ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Ներքին գործերի նախարարության նախկին ղեկավար Յուրի Լուցենկոյի խոսքով՝ պատրաստվում է ընդդիմադիր առաջնորդների ձերբակալության մասին որոշումը: