Մոսկվայի կենտրոնում հրաձգությունից հետո «օրենքով գող» է ձերբակալվել
Մոսկվայի կենտրոնում ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո ձերբակալվել է «օրենքով գող» Ռեզո Բուխնիկաշվիլին։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հաղորդել է ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր վարչությունը։
«Պեցո» մականունով Բուխնիկաշվիլին ձերբակալվել է բնակելի տանը տեղի ունեցած հրաձգությունից հետո։
Հաղորդվել էր, որ դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա կրակ է բացվել։ Հանցագործները 4-ն են եղել։ Նրանցից մեկը սպանվել է փոխհրաձգության հետևանքով, մնացած երեքը ձերբակալվել են։ Ձերբակալվածներից մեկն էլ «քրեական հեղինակություն» Պեցոն է։
Նշվում է, որ վերջինս միակն է եղել, որը ոստիկաններին դիմադրություն ցույց չի տվել։










