Ուկրաինայի ընդդիմությունը հանգստյան օրերին սադրանքներ է ակնկալում իշխանություններից
Ուկրաինայի ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունները լայնամասշտաբ սադրանք են պատրաստում Կիևում շաբաթ և կիրակի օրերին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը հայտնել է «Բատկիվշչինա» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը, գրում է ria.ru-ն:
Ուկրաինայի իշխանություններն այժմ կրկին շարունակում են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները: Այնուամենայնիվ, վերջին օրերին «Եվրամայդան» են գալիս մարդիկ նաև շրջաններից: Բացի այդ, մայրաքաղաքի կենտրոնում անցնում է նաև իշխանության աջակիցների հանրահավաքը, որտեղ նույնպես մարդիկ են գալիս շրջաններից:
Յացենյուկի խոսքով՝ այժմ իշխանությունները մարդկանց Կիև են բերում «քաղաքացիական կոնֆլիկտ հրահրելու, արտակարգ դրություն սահմանելու, զորքեր, «Բերկուտ» մտցնելու, Մայդանը ցրելու համար»:
«Այս լուրի առնչությամբ մենք շատ լուրջ հաստատումներ ունենք, և մենք հնարավորություն չենք տա Վիկտոր Յանուկովիչին դա անել»,- հայտարարել է Յացենյուկը:










