Իշխանության կողմից սուտ խոսելը միշտ կար, բայց հիմա չարիքի է վերածվել. Նախախորհրդարանն ամփոփում է մեկամյա աշխատանքը
Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունն այսօր ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու նախաձեռնության մեկամյա գործունեությունը։ Նախաձեռնության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ միավորվել են՝ պայքարելու «բազմագլուխ չարիքների արմատի դեմ, որը ստեղծել է երկրում նորգաղութային կառավարման համակարգ»։
«Այս տրամաբանությունից էլ բխում էր պայքարի ռազմավարությունը, որը որդեգրեց Նախախորհրդարանը, և այս տարվա ընթացքում նպատակ էր դրվել այլընտրանքային կառավարման համակարգի սաղմերի ստեղծումը»,-ասաց նա։ Չուգասզյանն ընդգծեց, թե այս ընթացքում իրենք շարժման ցանցային կառույցներ են ստեղծել, թե ՛ մազերում, թե ՛ սփյուռքում։
Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը թեև նշեց, որ որոշել էր իշխանությունների հասցեին չխոսել, բայց հասկացավ, որ չի ստացվում։ «Որքան քաղաքացիական ըմբոստությունն ավելանում է, և մարդիկ հստակեցնում են իրենց ասելիքն ու ճնշումը իշխանության վարքի վրա, այդքան իշխանությունները բավական ինտենսիվ, լկտի կերպով արհամարհում են հասարակության մոտեցումը։ Երևի դա միշտ կար, բայց հիմա չարիքի է վերածվել իշխանության կողմից սուտ խոսելը»,-ասաց նա և սկսեց թվարկել, ըստ նրա, միայն վերջին շրջանում ամենաբարձր մակարդակով արված հայտարարություններ, որոնք հետագայում հերքվել են։
Հրանուշ Խառատյանը հիշեցրեց Կառավարությանն ուղղված 7% տնտեսական աճի պահանջի մասին, երբ հակառակ դեպքում գործադիրը պետք է հրաժարական տար, մինչդեռ դա չապահովելով՝ իշխանությունները հիմա էլ հայտարարում են, թե դա եղել է քաղաքական հայտարարություն։ «Բայց չի բացատրվում, թե ինչ ասել է քաղաքական հայտարարություն։ Հերթական սուտը գազի գնի վերաբերյալ զարգացումներն են, երբ ամենաբարձր մակարդակով ասվեց, թե չի թանկանա, բայց արդյունքում այլ բան եղավ։ Այնքան շատ է ստերի շարքը, որ արդեն կասկած է առաջանում, թե սեպտեմբերին (ՄՄ անդամակցման մտադրության մասին հայտարարություն-խմբ.) արդյո՞ք մեր նախագահը սուտ չի ասել, քանի որ սուտ էին նաև Եվրոպայի հետ տարվող քննարկումները»,-ասաց նա։
Հրանուշ Խառատյանի համար մտահոգիչ է ՀՀ-ի կողմից տարվող անպատասխանատու քաղաքականությանը։ Նա հիշատակեց Թուրքայի ԱԳ նախարարի այցից առաջ ներկայացված ճանապարհային քարտեզը, որի աղբյուրի մասին ոչ ոք չգիտի: «Դա ՀՀ ԱԳՆ-ից «կեսբերան» հերքվել է, սակայն ո՞վ է հավատում սրան»,-ասաց նա։
Նա նկատեց, որ շրջանառվում է նաև Ղարաբաղի երկու շրջան հանձնելու դեպքում Թուրքիայի հետ սահմանի բացման մասին, որի դեմ պաշտոնական հայտարարություն չի եղել։
«Մեր ամենածանրագույն պրոբլեմը արտաքին քաղաքականության բացակայությունն է։ Նրանք որևէ ծրագիր չեն ներկայացնում, գոնե հանրությունը տեղյակ չէ այդ ծրագրի մասին։ Նրանք նստած են՝ մի քանի օլիգարխների առևտրատնտեսական խնդիրները լուծելու համար,-ասաց նա,-մեր իշխանություններն ուղղակի և բացահայտ պարզ ստախոսությամբ են զբաղված»։










