ԱՄՆ-Ռուսաստան-Թուրքիա «եռանկյունի»` ստրատեգիական զարգացման այլ հնարավորության նշան. կարծիքներ Քերիի հավանական այցի մասին
Գալիք տարի ԱՄՆ պետքարտուղարի Հայաստան կատարելիք հավանական այցը, չնայած հեռավոր ապագայի հետ կապված անորոշություններին, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը տեսնում է առաջին հերթին Ռուսաստան-ԱՄՆ-Թուրքիա «ակտիվացող եռանկյունում»: Այս մասին Tert.am-ին հայտնեց Անդրիաս Ղուկասյանը:
Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը «Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Հայաստան՝ ի նշան հայ-ամերիկյան համագործակցության խորացման: Ըստ աղբյուրի՝ այս մասին Քերին վստահեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին և ՀՀ նախագահին:
Արձանագրելով, որ այս պայմաններում, երբ միջազգային ֆինանսական կառույցները մերժելու են ֆինանսական աջակցությունները Հայաստանին, եթե ինչ-որ պետություններ չորոշեն, որ Հայաստանին անհրաժեշտ է ֆինանսապես օգնել, երբ «2014 թվականը այն թվականն է, երբ Հայաստանի դեֆոլտը իրականություն կարող է դառնալ», երբ Ռուսաստանը հանդես է եկել որպես դոնոր, որպես Հայաստանի պարտքերը երաշխավորող կողմ՝ Եվրոպական դոնորների չկայացած և մշուշոտ հեռանկար ունեցող համաժողովի ֆոնին, Անդրիաս Ղուկասյանն ասաց, թե ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները կարող են գնալ զիջումների:
«Այս իրադրության մեջ և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը խնդիր ունեն ճշտելու՝ որքանո՞վ Սերժ Սարգսյանը պատրաստ է և ի վիճակի է գնալ ղարաբաղյան հարցով զիջումների, և հետևաբար՝ որքանո՞վ իրատեսական է հայ-թուրքական սահմանի բացումը»,-մեկնաբանեց քաղաքագետը:
Անդրիաս Ղուկասյանը չթաքցրեց, որ ակնհայտ է, որ Ռուսաստանի շահերին կհամապատասխաներ Հայաստանի կողմից նման քայլը, որովհետև Ռուսաստանն ունի Հայաստանում կոնցեսիոն պայմանագիր երկաթգծի վերաբերյալ, Ռուսաստանին են պատկանում Հայաստանի էլեկտրաէներգիա արտադրող կարևորագույն ձեռնարկությունները, և ակնհայտ է, որ առաջին հերթին հենց հոսանքն է միակ պրոդուկտը, որը կարող է Հայաստանից արտահանվել Թուրքիա:
«Եվ հենց սա է պատճառը, որ ԱՄՆ-Ռուսաստան-Թուրքիա եռանկյունին ակտիվացված է»,- ասաց նա:
Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ այս ակտիվության օբյեկտ կարող է հանդիսանալ հայ-թուրքական սահմանը, դրա բացման հետ կապված խնդիրները, նաև ձևավորված քաղաքական միջավայրը:
Իհարկե, Անդրիաս Ղուկասյանի խոսքով, տեսանելի է, որ Ռուսաստանն Արևմուտքի հետ ունի լարվածություն, որն ակնհայտ է մի շարք հայտարարությունների ֆոնին: Օրինակ՝ Գերմանիայի նախագահն ընդգծեց, որ չի մասնակցի Սոչիի Օլիմպիական խաղերին , Եվրախորհրդարանի փոխնախագահներից մեկը ևս խոսեց օլիմպիական խաղերի բոյկոտի մասին: «Կարծեք թե իրադրություն է ստեղծվում, որը նման է 1980թ. խաղերին, երբ Օլիմպիադան բոյկոտվեց Արևմուտքի կողմից և դրանով ընդգծվեց Արևմուտքի անհամաձայնությունը ԽՍՀՄ արտաքին քաղաքականությանը՝ Աֆղանստանի հետ կապված»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Այսօր, ըստ Անդրիաս Ղուկասյանի, այդ լարվածությունն առաջացել է Ուկրաինայի շուրջ:
Tert.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, անդրադառնալով այս այցին՝ նկատեց. «Այն նախ և առաջ ցույց է տալիս, որ Արևմուտքն, այնուամենայնիվ, Հայաստանին չի համարում բացարձակապես կորած գործընկեր, և եթե նույնիսկ այդ այցը տեղի չունենա էլ, միայն կանխատեսումները նշան են, որ Հայաստանն ունի ստրատեգիական զարգացման այլ հնարավորություններ»:
Վերլուծաբանը նշեց, որ արևմտյան քաղաքակրթությունն ակներևաբար փաստում է, որ ավելին, քան ստրատեգիական պայքարն է ռուսական իմպերիայի հետ, ավելին, քան ռազմական ներկայությունն է, այն կարևորում է արժեքային համակարգը: Նա այս համատեքստում «խոսուն» օրինակ բերեց. «Եվրամիությունը չի տալիս Ուկրաինայի խնդրած 20 մլրդ ֆինանսական միջոցները, բայց միևնույն ժամանակ 51 մլրդ հատկացում է անում տարբեր երկրներում ժողովրդավարական արժեքների տարածման համար: Դա վկայում է մեկ բան, որ արևմտյան աշխարհը, հիրավի, արժեքների տարածումն ընկալում է իբրև գերակա առաջնահերթություն»:
Իսկ ստրատեգիական զարգացման հնարավորությունների նշանները, ըստ ԱԴ փոխնախագահի, երեքն են՝ «Հայաստանի բաց երկնքի նախաձեռնությունն է», որը, ըստ Անուշ Սեդրակյանի, անվերջ քարկոծվում է Ռուսաստանի կողմից, մյուսը՝ «պայքարի թեմա հանդիսացող «Կարֆուրը»» և վերջինը՝ Իրանի հետ գազի գնման շուրջ հավանական բանակցությունների մասին լուրն է, որը քաղաքագետը չի հասցրել ստուգել:
«Եթե այդ լուրերը հավաստի լինեն, նշանակում է, որ Հայաստանը կփորձի ապահովել որոշակի բալանս»,- կարծում է Անուշ Սեդրակյանը:
Նա այս հնարավոր այցը հասկանալի, մեկնաբանելի է համարում նաև ուկրաինական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ֆոնին:
«Հաշվի առեք, որ աշխարհն այժմ անսահման է, և Ուկրաինայի գործողությունների համատեքստը փաստում է, որ ազատության, անկախության համար պայքարը, որ տանում է մի ժողովուրդը, կարող է իր «պոստէֆեկտն» ունենալ մեկ այլ երկրի ժողովրդի ճակատագրի վրա: Տվյալ դեպքում, ինձ թվում է՝ Հայաստանը մտնում է այդ շրջանակների մեջ»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
Կա նաև իրանա-ամերիկյան հարաբերությունների գործոնը, որը ԱԴ նախագահը համարում է ոչ այնքան ջերմացում, որքան ստրատեգիական բացարձակ ճիշտ տակտիկա և հաջող իրականացված քաղաքականություն, որով մեղմվեց սրացումը Իրանի և ԱՄՆ-ի միջև և դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը թույլ տվեց, որ Իրանը ու Թուրքիան ավելի կատաղի մրցակցեն տարածաշրջանում լիդերության համար՝ արդեն նույն քաղաքականության, այսինքն՝ Արևմուտքի հետ հաշտության և խաղաղության համատեքստում:
«Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ Ռուսաստանը սկսել է սառը պատերազմի նոր փուլ՝ ԱՄՆ-ը կարողացավ այլընտրանքային էներգակիրներ կրող երկրների հետ ունենալ նոր հարաբերությունների տիպ ու հնարավորություն: Ես դա գնահատում եմ ամերիկյան քաղաքականության հաղթանակ, և ի տարբերություն Ռուսաստանի, այստեղ չի եղել որևէ ճնշում, ամբողջ բանակցություններն ընթացել են բացարձակ խաղաղ»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
Ի պատասխան հարցի, թե եթե Քերին այցելի Հայաստան, ապա այն կարո՞ղ է կապվել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ, քաղաքագետը նկատեց. «100-ամյակը Հայաստանի համար կարող է բացարձակ նոր ռազմավարական հեռանկարներ բացել, եթե մենք մեզ պահենք իմաստուն, հաշվենկատ, ինչ-որ առումով քաջ: Իսկ Թուրքիան, ըստ իս, կարող է, պարտավոր է և նպատակահարմար է համարում, իմ անձնական կարծիքով, անել որոշակի ժեստեր»:
Հայ-թուրքական սահմանի բացումն առանց նախապայմանների, ըստ Անուշ Սեդրակյանի, կարող է դառնալ այդ ժեստը և դրանով իսկ՝ և՛ բարձրացնել Թուրքիայի քաղաքական վարկանիշը, և՛ Հայաստանի համար շահեկան այլընտրանք հանդիսանալ:










