Հս. Կորեայում մահապատժի է ենթարկվել երկրորդ ամենաազդեցիկ մարդը` առաջնորդի բարեկամը. Հրվ. Կորեան արտակարգ նիստ է հրավիրել

09:08 • 13.12.13

Հյուսիսային Կորեայում մահապատժի է ենթարկվել առաջնորդ Կիմ Չեն Ընի հորաքրոջ ամուսինը` Չան Սոն Թհեկը, որը նախկինում ազդեցիկ պաշտոնյա էր, հայտնում է Russia Today-ը:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թմրամոլության, խաղամոլության, կնամոլության և ոչ վայելուչ պահվածքի համար նա հեռացվել է պաշտոնից: Չան Սոն Թհեկը համարվում էր երկրորդ ամենաազդեցիկ մարդն այդ երկրում:

 

Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա դատավճռի պատճառը եղել է պետական կարգի տապալման փորձը: Դրանից հետո կառավարությունը վճռել է, որ Չան Սոն Թհեկը «շնից էլ նողկալի է», և «նա և իր համախոհները վնաս են հասցրել կուսակցությանն ու հեղափոխությանը»:

 

Այս նորության ֆոնին Հարավային Կորեայի ուժային կառույցների ղեկավարներն արտակարգ նիստ են հրավիրել, Սեուլն իր խորին մտահոգությունն է հայտնել կատարվածի առիթով: Կատարվածը հաստատել է նաև Սպիտակ տունը:

 

Կոմունիստական երկրում նման ազդեցիկ պաշտոնյայի տապալումն ամենամեծ քաղաքական քայլն է, որ մինչ օրս արել է երիտասարդ առաջնորդ Կիմ Չեն Ընը: Մահապատժի ենթարկվածը նրա հոր՝ Կիմ Չեն Իրի փոքր քրոջ ամուսինն էր:


Չան Սոն Թհեկն ի պաշտոնե Ազգային պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն էր: