Հայ-վրացական օրակարգ՝ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում
Վաղը Ալավերդիում նախատեսված է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստը՝ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Կլինեն նաև հայ-վրացական ավելի ընդլայնված հանդիպումներ:
Վրաստանի խորհրդարանականները Հայաստան կժամանեն Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուզուպաշվիլիի գլխավորությամբ: Նախատեսված է երկու երկրների խորհրդարանների խոսնակների մասնակցությունը քննարկմանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց հայ-վրացական քննարկումների օրակարգը.«Ելնելով տարածաշրջանային նոր իրողություններից, ԵՄ–ի առջև ստանձնած միջազգային պարտավորություններից, նաև՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ ու գործընթացներ՝ երկօրյա այս հանդիպումների ընթացքում փորձելու ենք վրաց մեր գործընկերների հետ խորհրդարանական հարթակում լուծումներ գտնել: Փորձելու ենք նաև ավելի հագեցնել ու գործնական դարձնել խորհրդարանական համագործակցության օրակարգը տնտեսական բլոկում»:
Արտակ Զաքարյանը հստակեցրեց, որ փորձելու են քննարկումները զարգացնել երեք հիմնական ուղղություններով՝տնտեսական համագործակցության և հաղորդակցության հնարավորությունների, հումանիտար նշանակության խնդիրներում համագործակցության, վեհաժողովներում մեր պատվիրակությունների համագործակցության:










