ԱՄՆ-ի դպրոցում կրակ բացած աշակերտն ուսուցչին է փնտրել. ԶԼՄ-ներ

10:09 • 14.12.13

Կոլորադոյում (ԱՄՆ) ուրբաթ կրակ բացած աշակերտը պատրաստվում էր սպանել իր ուսուցչին, սակայն վերջինս կարողացել է ժամանակին լքել դպրոցի շենքը, գրում է Взгляд-ը՝ հղում անելով Associated Press-ին:

 

Ոստիկանության տվյալներով՝ չարամիտը դպրոց է մտել հրազենով և անցել դասասենյակներով և միջանցքներով՝ փնտրելով ուսուցիչներից մեկին: Ուսուցիչը, իմանալով, որ իրեն փնտրում է զինված աշակերտ, շտապել է լքել դպրոցի շենքը: Չգտնելով ուսուցչին՝ աշակերտը կրակ է բացել հասակակիցների վրա:

 

Այժմ ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները դպրոցի շենքում: Դեպքից հետո դպրոցում հայտնաբերվել է շիշ, հնարավոր է` պայթուցիկ խառնուրդով: Ոստիկանները փորձում են պարզել, թե կապ ունի այդ շիշը դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետ:

 

Աշակերտի բացած կրակից վիրավորվել է երկու մարդ, նրանցից մեկը գտնվում է հիվանդանոցում` ծայրահեղ ծանր վիճակում: Ինքը` կրակողը, մահացած է հայտնաբերվել հանցագործության վայրում, ենթադրաբար, նա ինքնասպան է եղել: