Ուզում եմ, որ մեր հանրակացարանի պայմանները բարելավես. նամակ Ձմեռ պապին
Վեց տարի է՝ Հայաստանում գործում է «Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագիրը: «Բարի Ձմեռ պապ» ծրագրի համակարգող խորհուրդը ողջ ծրագրի համար ընտրել է «Այսօր չկոտրե´նք երեխաների սիրտը և անկատար չթողնենք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար» կարգախոսը:
Tert.am-ի հետ զրույցում «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման ՀԿ–ի նախագահ Մանվել Եղիազարյանը պատմեց, որ երեխաների՝ Ձմեռ պապիկներին նամակ գրելու միջոցով բարեգործական ծրագիր իրականացնելու գաղափարը ծագել է բանակում ծառայելիս։ Մի քանի ընկերներ, նրանցից մեկի մոր խորհրդով, մետ երկու հազար երեխաների համար նվերներ են պատրաստել Սիսիան քաղաքում:
Հետագայում ստեղծվել և գրանցվել է բարեգործական ծրագիրը։
Այս ընթացքում ստացած ամենահուզիչ նամակը, որ ծրագրի հեղինակը հիշում է, հանրակացարանի մի երեխայի նամակ էր.«Նկարագրում էր իրենց սենյակի պայմաններն ու պատմում, որ ամեն Նոր տարի երազանք է պահում, որ իրենց պայմանները լավանան, ու երբ ամեն հունվարի մեկին արթնանում է, ստուգում է՝ երազանքը կատարվե՞լ է, թե՞ ոչ»:
«Բա´րև, սիրելի´ Ձմեռ պապ ջան, ես ցանկանում եմ, որ դու իմ ցանկությունը կատարես և բերես մեծ խաղալիք և ավտոմեքենա»,- այս Նոր տարվա համար երազանք է պահել Խնձորուտ գյուղի աշակերտ Աղվան Երվանդյանը:
«Ես քեզնից ուզում եմ մի մեծ խաղալիք համակարգիչ և մի մեծ եղնիկ խաղալիք»,- Ձմեռ պապից խնդրել է խնձորուտցի մեկ այլ աշակերտ՝Հրանտ Դավթյանը:
Բարեգործական ծրագրի կայքում ներկայացված են 2013-2014թթ. նախատեսված աշխատանքները Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ գյուղերում:
Ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2008 թվականի Ամանորին՝ Սիսիան քաղաքում և շրջակա գյուղական համայնքներում՝ մարզի սոցիալապես անապահով և ծնողազուրկ 2500 երեխաների համար:
Նախաձեռնությանն աջակցել են բազմաթիվ անհատներ, այդ թվում՝ արտասահմանցիներ, բարեգործ Հանս Հաուգը` Գերմանիայից, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ, զինվորականներ և այլք:
Ծրագրի 2009-2010 թթ. փուլին նվերներ է ստացել շուրջ 3000 երեխա, 2010-2011 թ. ՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ շուրջ 7000 երեխա:
2011-2012թթ. փուլն իրականացվել է 2500 երեխաների համար, 2012-2013թթ.՝ 2000 երեխաների համար:
Ծրագրի հովանավորների և նվիրատուների կողմից տրամադրված այն նվերները, որոնք հասցեագրված չեն կոնկրետ երեխայի, Ձմեռ պապերի այցելությունների միջոցով նվիրվում են ՀՀ սահմանամերձ գյուղերի մանկահասակ երեխաներին՝ առաջնությունը տալով հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալական առավել ծանր խնդիրներ ունեցող երեխաներին:










