Կուտակայինի հարցում Սերժ Սարգսյանից առանձնակի սպասելիքներ չունեինք, բայց մենք էլ չենք նահանջի. «Նիկոլ Աղբալյան» ՈՒՄ

12:15 • 14.12.13

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրական է գնահատում պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգը, ինչը համակարգի դեմ պայքարող խմբերից ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, երիտասարդական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանի համար անակնկալ չէր:

 

 

«Սկզբից էլ պարզ էր, որ իշխանությունները զիջումների գնալու պատրաստ չեն: Նորություն չէր, ոչ էլ անակնկալի եկանք, առանձնակի մեծ սպասելիքներ էլ չունեինք, որովհետև պետություն-իշխանություն-կուսակցություն արդեն նույնացված է: Պարզ է, որ իշխանությունները նահանջելու ցանկություն չունեն, բայց մենք էլ չենք պատրաստվում նահանջել և գնալու ենք բոլոր հնարավոր ճանապարհներով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 


Դիտարկմանը, թե փորձը ցույց է տալիս, որ իշխանության կոշտ քաղաքականությունը մինչև վերջ տարվում է, Գերասիմ Վարդանյանը պատասխանեց, թե դեռ չի կարելի ասել, որ նրանք հաղթել են, դեռ կա Սահմանադրական դատարան, որից հետո էլ հետագա ռազմավարությունը չորս խմբակցությունների հետ իրենք կորոշեն. «Բայց դա չի նշանակում, որ նախագահը հայտարարեց, որ չեն նահանջելու, դրական է օրենքը, ուրեմն վերջ»:

 


Իրենք ՍԴ-ի հետ առանձնակի մեծ հույսեր չեն կապում, բայց անհույս էլ չեն համարում, որովհետև գտնում են, որ կան մի քանի վիճելի կետեր, որոնք հակասահմանադրական են. «Ակնկալիքներ ունենք, որ ՍԴ-ն արդար որոշում կկայացնի»:

 


Պայքարի հետագա քայլերի մասին Գերասիմ Վարդանյանը նշեց, որ դրանք դեռ հստակ չեն, բայց օրենքի սահմաններում բոլոր հնարավոր քայլերին դիմելու են: «Սա հղում է հասարակությանը, որպեսզի հասարակությունը գիտակցի, որ իրենից է կախված ամեն ինչ, որ հույսը ոչ թե դնի ինչ-որ քաղաքական ուժի վրա, այլ իր: Եթե մենք 5-6 հազարի փոխարեն փողոցում ունենանք 50-60 հազար, իրավիճակն այլ կլինի»,-եզրափակեց նա: